1000х90.jpg (78 KB)

Չենք բացառում քաղաքական շարժառիթի հնարավորությունը. Շարմազանովը՝ Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ-ի գործողությունների մասին

Armenpress 23:31, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Երևան» հիմնադրամում ազգային անվտանգության ծառայության գործողությունները առնվազն ձևի առումով ոչ համաչափ է համարում: Այս մասին նա ասաց հունիսի 14-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ: Չենք բացառում, որ այստեղ կարող է լինել հնարավոր քաղաքական շարժառիթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, բացառապես օրինականության կողմնակից է: «Մենք ուշի ուշով հետևելու ենք այս գործընթացին և կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում: Կրկնում եմ՝ առնվազն ձևի առումով «Երևան» հիմնադրամում կատարված գործողությունները ոչ համաչափ են: Ես չեմ կարծում, որ հիմա 1937 թվականն է, կամ չեմ կարծում, որ եթե հրավիրեին համապատասխան պաշտոնյաներին կամ փաստաթղթեր ցանկանային, չէին կարող առանց դիմակների մեր համապատասխան հարգարժան իրավապահ մարմինները ստանալ: Սա իմ կարծիքն է, որը կիսում են նաև իմ կուսակցական ընկերները»,- եզրափակեց Շարմազանովը:

Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռնստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը ձերբակալվել են: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am