Ոստիկանությունը Կապանում 6 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտել

Armenpress 20:56, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության,  Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հունիսի 13-ին  մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու: 

Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է:  Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am