Հրաչյա Ռոստոմյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ծրագրերը

Armenpress 17:35, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 14-ին ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման նպատակն էր քննարկել և նախանշել ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ձևավորված համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը շնորհավորեց Ջ. Յամադային նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ, պահպանելով արդեն ձևավորված սերտ համագործակցությունը, երկու երկրների փոխգործակցությունը շարանուկական բնույթ կկրի: 

Նշանակման կապակցությամբ փոխադարձ շնորհավորանք հղելով ԱԻ նախարար Ռոստոմյանին՝ Ճապոնիայի դեսպանը նշեց, որ ինքը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր մի ժամանակահատվածում: Նա ասաց, որ ՀՀ-ում Ճապոնիայի նախկին դեսպանը իրեն ներկայացրել է ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ձևավորված փոխգործակցության մանրամասները: 

«Մեկ ընդհանրություն կա Հայաստանի և Ճապոնիայի միջև: Երկու պետությունն էլ առերեսվել են բնության տարբեր արհավիրքների՝ մասնավորապես երկրաշարժերի: Հիշում եմ, որ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, Ճապոնիան փրկարարական ջոկատ ուղարկեց Հայաստան: 2011 թվականի ցունամիի ժամանակ Հայաստանն իր հերթին աջակցեց Ճապոնիային, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ճիշտ է՝ աղետների ռիսկերի նվազեցումը և կանխարգելումը չի կարող շատ մարդկանց ուշադրությունը գրավել, բայց մենք մեր ուշադրությունը կսևեռենք հենց այս ուղղության վրա»,- նշեց Ճապոնիայի դեսպանը: 

«Մենք համակարծիք ենք Ձեզ հետ բոլոր հարցերում, քանի որ մենք ևս շեշտը դնում ենք աղետների կանխարգելման և ռիսկերի նվազեցման վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո, հաշվի առնելով հարևանների հետ հարաբերությունները, մենք ի վիճակի չենք եղել ներդրումներ կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչն այսօր շատ կարևոր է: Ուստի ցանկանալով բարձրացնել Հայաստանի կարողություններն այս բնագավառում՝ մենք մշակել ենք Ճապոնայի հետ համագործակցության մի շարք ծրագրեր», - ընդգծեց նախարար Ռոստոմյանը: 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հետագայում առավել մանրամասն քննարկելու նպատակով: Մասնավորապես՝ ներկայացվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարամեդիկական ավտոմեքենաներ և շարժական հոսպիտալներ տրամադրելու ծրագիրը, որը հնարավորություն կտա դեպքի վայրում տուժածներին անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերել և տեղափոխել մասնագիտացված բժշկական հաստատություններ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ճապոնական ուսուցման համակարգի ներդրման, Լուսակերտի վարժահրապարակի կառուցման աջակցության, ուսումնական հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք և սարքավորումներ տրամադրելու, Գյումրի քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության արտապատկերման նոր սերնդի համակարգի ստեղծման և մի շարք այլ ծրագրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am