Սմբատ Գոգյանի նշանակումը ԲՈՀ-ի ղեկավարի պաշտոնում հիասթափեցրել է գիտնականներին

Armenpress 16:19, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի պաշտոնից ազատումը հիասթափեցրել է գիտնականներին՝ նոր իշխանության՝ գիտության ոլորտում արված քայլերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը: Նա ընդգծեց, որ Լիլիթ Արզումանյանն այն պետական պաշտոնյան էր, ով պայքարում էր գրագողության դեմ և ով վերացրել էր կոռուպցիան: «Նորանշանակ ԲՈՀ ղեկավար Սմբատ Գոգյանի մասին ասում են, որ նա տաղանդավոր գիտնական է, բայց չէ՞ որ, եթե նա պաշտոն ունենա, այն իրեն կկործանի: Տաղանդավոր գիտնականին պետք չէ վարչական աշխատող դարձնել»,- նշեց Խուդոյանը: Նրա համոզմունքով՝ Լիլիթ Արզումանյանին չվերանշանակելու դեպքում ամենաքիչը պետք է Գոգյանի տեղակալ նշանակեն, որպեսզի երիտասարդին ուղղություն տա: Սակայն Խուդոյանը նաև շեշտեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի հենց Սմբատ Գոգյանին նշանակեին Լիլիթ Արզումանյանի տեղակալ: Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ նշեց, որ իրեն ցնցել է Լիլիթ Արզումանյանին պաշտոնից ազատելու և Սմբատ Գոգյանին նշանակելու լուրը: «Ասում են, որ նա տաղանդավոր երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք Facebook-ում դրված իր նկարները: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը»,- ասաց նա և հավելեց, որ բոլոր գիտնականները վիրավորված են: Տոնոյանը ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավարի վերաբերյալ ասաց, որ նա շատ բան ուներ սովորելու Լիլիթ Արզումանյանից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am