Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը լիարժեք չի գործում. ՄԻՊ

Armenpress 15:25, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց Հայաստանում խոսքի ազատության խթանումը  և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանվածությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ Թաթոյանը նշեց, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության մեխանիզմը լիարժեք չի գործում, և այդ լիարժեք չգործելու պատճառով է, որ լրագրողների մոտ կա արդարացի ընկալում այն մասին, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ: «Իրականում այս մոտեցումը պայմանավորված է նաև մի քանի խորքային պատճառներով: Այս խնդիրը լուծման առումով ես ինքս կարծում եմ, որ պետք է սկզբունքային մի քանի հարց լուծել:

Նախ՝ պետք է մշտապես գործել լրագրողի աշխատանքի ազնվության և բարեխղճության կանխավարկածով: Սա չափազանց կարևոր է, որովհետև լրագրողը ինքն ունի բարձր պատասխանատվություն ու կոչում առաջնորդվելու հենց օրենքի գերակայության և պատասխանատու լրագրության սկզբունքով»,- ընդգծեց Թաթոյանը:

Նրա խոսքով` չափազանց կարևոր է լրագրողի հետ տարվող աշխատաքը նրանց շարունակական կարողությունների զարգացման առումով, որը հնարավոր է իրականացնել վերապատրաստման միջոցով: ՄԻՊ-ը կարևորեց նաև հասարակություն-պետություն կապի ամրապնդումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am