1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնը կորոշվի վերջին տուրում  

Armenpress 12:26, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կայացավ Հայաստանի շախմատի ակումբային առաջնության 6-րդ տուրը: Տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցում էին «Chessify» ակումբը և Գրոսմայստերական դպրոցի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղատախտակի վրա «Chessify»-ի կազմում հանդես եկող Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Արման Փաշիկյանի նկատմամբ: Երկրորդում կարճատև  պայքարից հաշտություն կնքեցին Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը: 3-րդ խաղատախտակի վրա հաջողության հասավ «Chessify»-ը՝ Սամվել Տեր-Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Տիգրան Հարությունյանի նկատմամբ: 4-րդ խաղատախտակի վրա կրկին հաղթեց «Chessify»-ը՝ Կարեն Գրիգորյանը երկարատև և սուր պայքարում ընթացած պարտիայում պարտության մատնեց Շանթ Սարգսյանին: 5-րդում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Արթուր Դավթյանի հետ: 6-րդ խաղատախտակի վրա միմյանց էին հանդիպել մեր երկու պատանի և խոստումնալից շախմատիստները՝ «Chessify» -ի կազմում հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և Գրոսմայստերական դպրոցը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը, ով վերջերս հաղթող էր դարձել Հայաստանի տարածաշրջանային առաջնությունում: Պարտիայում ուժեղ գտնվեց Ղարիբյանը: Արդյունքում՝ մրցախաղում «Chessify»-ը հաղթեց 4-2 հաշվով:

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմի նկատմամբ, «Էջմիածին-Լոգիկոն»-ը 4.5-1.5 հաշվով հաղթեց Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի երկրորդ թիմին, իսկ Քանաքեռ-Զեյթունի թիմը 4-2 հաշվով հաղթեց «Երևան» ակումբին: Նշենք, որ «Երևան»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Հակոբյանը չէր ներկայացել պարտիային:

Վերջին տուրից առաջ «Chessify» ակումբը վաստակել է 12 միավոր և գլխավորում է աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է ընթանում 10 միավոր վաստակած Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը: Համաձայն վիճակահանություն՝ այս երկու ակումբները վերջին տուրում մրցելու միմյանց դեմ: Չեմպիոն դառնալու համար Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը պետք է հաղթի առնվազն 5-1 հաշվով, ինչը շատ բարդ խնդիր է:

Մեդալների համար պայքարի մեջ են նաև «Էջմիածին- Լոգիկոն» ակումբը և Գրոսմայստերական դպրոցի թիմերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am