Թրամփը ցանկանում Է ԱՄՆ-ի զինվորականներին դուրս բերել Հարավային Կորեայից

Armenpress 10:41, 14 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացի բոլոր զինծառայողները, որոնք տեղաբաշխված են Հարավային Կորեայում, վերադառնան տուն, բայց առայժմ խոսքը չի վերաբերում այդ հեռանկարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել հունիսի 13-ին:

«Մենք 32 հազար զինծառայող ունենք Հարավային Կորեայում,- ասել Է քաղաքական գործիչը:- Ես կցանկանայի նրանց տուն վերադարձնել»: «Բայց այժմ դա չի քննարկվում, սակայն հարմար պահին կքննարկվի»,- նշել Է նա: «Ես կցանկանայի՝ մեր զորքերը դուրս բերել այնքան արագ, որքան որ կկարողանանք, որովհետեւ դա թանկ Է նստում մեզ վրա»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած հանդիպմանը չի քննարկել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքակազմի թվաքանակի հնարավոր կրճատման թեման: «Մենք դա չենք քննարկել, ո՛չ, բայց մենք չենք պատրաստվում զորախաղեր խաղալ»,-նշել Է նախագահը:

Նա հայտարարել Է, որ այդ «զորախաղերը» «շատ սադրիչ են» եւ «շատ թանկ են նստում»: «Մենք դադարեցնում ենք այդ զորախաղերը: Մենք դրա վրա մի ամբողջ կարողություն ենք ծախսում»,-ասել Է Թրամփը: Նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ը դադարեցնում Է զորավարժությունները Կորեական թերակղզու շրջանում: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել Է Սինգապուրի Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն Է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am