Աշոտ Սմբատյանի հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ

Armenpress 17:55, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 12-ին հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներն ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Կողմերը բարձր գնահատեցին հայաստանյան զարգացումների խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով հանգուցալուծումը:

Բունդեսթագի փոխնախագահը կարևորեց ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովումը Հայաստանում և իրենց աջակցությունը հայտնեց այդ գործընթացներին:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք թեմաների, քննարկեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր` երկուստեք ընդգծելով դրանց դինամիկ զարգացումը քաղաքական, տնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Այս համատեքստում կարևորվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am