Տիգրան Ավինյանը տեղեկություն չունի «Վալեքս» ընկերությունը սնանկ ճանաչելու գործընթացի մասին

Armenpress 17:06, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեղուտ»-ի հանքավայրում առաջացած խնդիրները կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ ինքը հանքավայրը շահագործող «Վալեքս» ընկերության կողմից սնանկ ճանաչվելու գործընթաց սկսելու մասին տեղեկատվության չի տիրապետում:

Պատգամավորը նշեց, որ «Թեղուտ»-ի հանքավայրի շատ աշխատակիցներ իրենց հողերը էժան գնով վաճառել են հանքավայրը շահագործող «Վալեքս» ընկերությանը և ստացել են բանավոր հավաստիացում, որ 50 տարի ապահովված են լինելու աշխատանքով, սակայն այս պահին այդ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, կորցրել են իրենց հողերը, ինչպես նաև ունեն վարկային պարտավորություններ, որոնք չեն կարողանում կատարել աշխատանքից զրկված լինելու պատճառով: «Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է հանքավայրի շահագործման վերագործարկում, եթե այո, ի՞նչ ժամկետներում դա տեղի կունենա, և հնարավո՞ր է որևէ կերպ սառեցնել այդ մարդկանց վարկերը մինչև լուծում ստանա նրանց աշխատանքի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարրեց Կյուրեղյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցը կառավարության առաջնահերթությունների ցանկում է: «Անձամբ հանդիպել են «Վալեքս»-ի ներկայացուցիչների հետ, քաջատեղյակ եմ խնդրին, այս պահին իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որն այս հարցով զբաղվում է: «Վալեքս»-ն այս պահին ունի խնդիրներ: Հանձնաժողովն արդեն իսկ մյուս շաբաթ կանի իր առաջին նիստը և արդեն ըստ քննարկված հարցերի  ես կարծում եմ լուծումներն առաջ կգան»,- ասաց Ավինյանը:

Արմենուհի Կյուրեղյանը խնդրեց հարցերը քննարկելիս հաշվի առնել այն հանգամանքը,  որ մարդիկ, ովքեր վարկեր ունեն, բանկերից նամակներ են ստացել, որ եթե առաջիկայում իրենց վարկային հաշիվներին գումարներ մուտք չարվեն, վարկերի տոկոսները կբարձրացնեն: «Նաև խոսակցություն է սկսվել, թե ընկերությունը սկսել է սնանկացման գործընթաց: Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է»,- հարցրեց Կյուրեղյանը:

Ավինյանը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, ընկերությունն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովի անդամները լսեցին այն մտահոգությունները, որոնք դուք բարձրացրիք և հաշվի կառնեն դրանք»,- ասաց փոխվարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am