Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների զրոյացումից հետո կմաքրվեն նաև վարկային պատմությունները

Armenpress 16:05, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերի հետ պայմանավորվածության են եկել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացնելու առումով: Այդ նպատակով կատարվում են օրենսդրական փոփոխություններ: «Ենթադրենք մարդը վերցրել է 1 միլիոն դրամ վարկ ու ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել այն, դա տույժ-տուգանքներով հասել է, ենթադրեքն 3 միլիոնի: Մենք բանկերի հետ ունենք պայմանավորվածություններ, օրենքներ կընդունենք, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն: Ինչ կստացվի: Դրա արդյունքում բանկի ու վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի, այն կետին, որից հետո վերցրել էր վարկը: Դրանից հետո առաջացած նեգատիվ հետևանքները կզրոյանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ փուլային տարբերակով կիրականացվի նաև վարկային պատմությունների մաքրման գործընթաց: «Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների վարկային պատմությունը կմաքրվի, որպեսզի նրանք նոր վարկեր ստանալու հնարավորություն ունենան: Կամաց-կամաց այդ թիվը կմեծանա»,-հավելեց վարչապետը: Պաշտոնյան նշեց, որ սա ինքը խոստացել էր 2018-ի ապրիլի 13-ին հանրահավաքի ժամանակ:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am