10 պայմանագիր. Տավուշի ներդրումային համաժողովն արդյունավետ ընթացք է ունեցել

Armenpress 12:25, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում հունիսի 11-12-ը կայացած «Գնորդ-վաճառող» ներդրումային համաժողովի արդյունքում Տավուշի մարզի ՓՄՁ–ների և օտարերկրյա ներդրողների միջև 10 համագործակցության հուշագիր է կնքվել։ Փաստաթղթերը ստորագրող գործարարները մտադրություն ունեն մոտ ապագայում Տավուշի մարզում գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման համատեղ ձեռնարկություններ հիմնել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

Համաժողովի ընթացքում տեղացի և օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին «Արլիան» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է նախապես մշակված 15 ներդրումային ծրագիր, որոնցից 10-ի շուրջ քննարկումները գործնական փուլ են մտել։

Հավանության արժանացած ծրագրերից է Իջևանի Մեխանիկական գործարանը ներդրումների միջոցով վերապրոֆիլավորելու և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու գաղափարը: Ներդրումային համաժողովի արդյունքում, ծրագրի նախաձեռնողներն առաջիկա 1-2 տարում ակնկալում են շուրջ 1000 նոր աշխատատեղ: Տավուշի մարզպետարանը և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ–ն պայմանավորվել են համաժողովները դարձնել ամենամյա՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը և արդյունավետությունը:  

Համաժողովը կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ-ն՝ «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Բիզնես Արմենիայի Գործարարության աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը, տեղացի և օտարերկրյա ներդրողներ, Տավուշի մարզում գործող ձեռնարկատերեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am