Փրկարարը կոչում է՝ մշտապես արձագանքելու ցանկացած աղետի ու ճգնաժամի. կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Armenpress 11:47, 13 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ հունիսի 13-ին տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ փրկարար ծառայության լեյտենանտի, հերթական սպայական կոչումների և մեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց Տավուշի մարզային փրկարարական վարչության 2 աշխատակցի,  փրկարար ծառայության կապիտանի ուսադիրներ՝ Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզային փրկարարական վարչությունների 6 աշխատակցի:

Նախարար Ռոստոմյանի այլ հրամաններով՝ փրկարար ծառայության փոխգնդապետի և գնդապետի կոչումներ շնորհվեցին Քաղաքացիական պաշտպանության վարչության և Օպերատիվ կառավարման վարչության 2 աշխատակցի:

Երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանին նախարարը շնորհեց Փրկարար ծառայության «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալ:

Նախարար Հ. Ռոստոմյանը շնորհավորեց սպաներին ու խրախուսական պարգևներ ստացած աշխատակիցներին, հորդորեց արժանապատվությամբ շարունակել ծառայությունը: «Հարգելի գործընկերներ, այսօր մենք մաս դարձանք շատ կարևոր իրադարձության, երբ գնահատվում և մեծարում ենք տարեցտարի, օրեցօր, ժամ առ ժամ մարդկային կյանքերի փրկության գործին նվիրված փրկարար ծառայողներին՝ բարձրաստիճան սպայից մինչև շարքային: Սիրելի գործընկերներ, ձեր պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, մարդասիրության և խիզախության շնորհիվ մեր երկրում մարդիկ վստահ են, որ դժվար պահին իրենք մենակ չեն: Մեր ծառայությունն ու աշխատանքը չունի սկիզբ և ավարտ, փրկարարը կոչում է՝ մշտապես արձագանքելու ցանկացած աղետի ու ճգնաժամի, մենք ենք այն սահմանապահները, որ կանգնած են մարդու և աղետի միջև:  Տարիների ձեր աշխատանքով, դուք ապացուցել եք, որ արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են, և մենք պետք է գիտակցենք, որ արագ ու արհեստավարժ արձագանքումը չունի և երբեք չի կարող ունենալ այլընտրանք: Պատրաստ լինենք, անխուսափելի աղետների դեպքում անգամ, նվազագույնի հասցնելու կորուստները, իսկ տուժածներին՝ օր առաջ վերադարձնելու բնականոն կյանքի»,- նշեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am