Արցախի, ցեղասպանության և ազգային հարցերում օրվա իշխանությունների կողքն ենք լինելու. Էդուարդ Շարմազանով

Armenpress 15:22, 12 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարողանում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 12-ին Պանթեոնում, Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հիշատակի արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝իրենք  երբեք անձնական վիրավորանքների դաշտ չեն մտնում և անձնական պայքար չեն մղում: «Արցախի, ցեղասպանության և ազգային հարցերում օրվա իշխանությունների կողքն ենք լինելու, որովհետև դա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը: Դա է մեզ պատգամել Անդրանիկ Մարգարյանը՝ սիրել Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդդիմություն լինես, թե իշխանություն, դու պարտավոր ես ծառայել քո հայրենիքին, ինչը և իրենք փորձելու են անել:

ՀՀԿ խոսնակը չբացառեց, որ թերություններ ևս կլինեն, բայց հավելեց, որ թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: «Ամենակարևորն այն է, որ գլխավոր հարցերում մենք պետք է լինենք միասնական: Մեզ որևէ մեկը անկախ Հայաստան չի նվիրել, մեր պապերը, մեր ծնողները, այսօր մեր երիտասարդները ամեն օր պայքարում են անկախ Հայաստանի համար»,-հավելեց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am