Դավիթ Հովհաննեսի «Ութը տող (Փոքր Կտակարան)» գիրքը կդրվի ընթերցասերների սեղանին

Armenpress 18:19, 11 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի «Ութը տող (Փոքր Կտակարան)»  գիրքը ներկայացնում է վերջին քսան տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը:

Գրքի շնորհանդեսը և «Ես դեռ ապրում եմ: Եվ դեռ` շարունակվու’մ…» խորագրով հուշ երեկոն տեղի կունենա հունիսի 12-ին  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրողի դուստր, «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ասաց, որ գրքում ութատողեր են: «Այն այդպես էլ կոչվում է «Ութը տող (Փոքր Կտակարան)», իսկ հաջորդ հատորը կկոչվի «Ութը տող (Մեծ Կտակարան)»: Ասես փոքր ութատողերի միջոցով հայրս կանխատեսել էր, թե ինչ պետք է լինի այն Հայաստանում, որն այսօր կա»,-նշեց Հովհաննիսյանը:

Ինչպես հեղինակն է գրել. «Ութատողերն ընդգրկում են համահայկական միայն և զուտ համահայկական իրականության ողջ տիեզերքը իր հոգևորով և նյութականով, քաղաքականությամբ և բարոյականությամբ, կենցաղով ու բարքերով, այո’, նաև ողբերգությամբ, որի միջից տեղ-տեղ իրենց կանաչ, կարմիր գլխիկներն են բարձրացնում հայու հավերժական հույսի ծիլերը»:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ընթերցել է Դավիթ Հովհաննեսի բոլոր գրքերը և պետք է փաստի, որ նա մեր լավագույն բանաստեղծներից էր: «Նրա ստեղծագործությունները կենդանության, ժամանակի ոգին էին արտացոլում: Դավիթ Հովհաննեսի գործերում որոշակի կոպտություն, որոշակի ռեալություն կա»,-ընդգծեց Միլիտոնյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն գրողի ընկերները, գրականության ոլորտի ներկայացուցիչներ: Ելույթներ կունենան Ալեքսանդր Թոփչյանը, Սուրեն Աբրահամյանը, Արտեմ Հարությունյանը, կհնչեն Դավիթ Հովհաննեսի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թվականին Երևանում: Ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև` ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հ1 հանրային հեռուստատեսությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ: Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծությունները։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am