1000х90.jpg (78 KB)

Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները

Armenpress 09:04, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասաց, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը 542 դիմորդ: «Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղեկայված 12 քննական կենտրոններում: Քննությունները կտևեն 3 ժամ»,-ասաց Պարսամյանը:

Նա նշեց, որ միասնական քննություների արդյունքների մասին դիմորդները կարող են տեղեկանալ քննությունը հանձնելուց հինգ օր հետո, դիմորդը հնարավորություն ունի նաև բողոքարկել արդյունքները: «Դիմորդը կարող է քննությունից անմիջապես հետո իր հետ վերցնել իր գրավորի պատճենը: Քննության ավարտից կես ժամ հետո ԳԹԿ կայքում տեղադրվում են ճիշտ պատասխանները և դիմորդը կարող է նախնական պատկերացում կազմել իր արդյունքի մասին»,-տեղեկացրեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը: Երևանում հունիսի 8-ին կգործի միայն մեկ քննական կենտրոն՝ տեղակայված Երևանի համար 190 դպրոցում:

Հաջորդ միասնական` 12-ամյա դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունը կանցկացվի հունիսի 12-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Հունիսի 15-ին կանցկացվի «Ֆիզիկա», հունիսի 19-ին «Օտար լեզու» առարկաներից միասնական քնություններ: «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը կկայանա հունիսի 22-ին, «Հայոց պատմության» և «Քիմիա» առարկաների քննությունները հունիսի 25-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը հունիսի 27-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am