1000х90.jpg (78 KB)

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց այդպես էլ իրականություն չդարձած նրանց խոստումները

Armenpress 16:34, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ ՀՀԿ-ականների մտահոգություններին, թե կառավարության ծրագրում չկան թվեր և հստակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր ելույթի սկզբում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ցանկանում էր անդրադառնալ կառավարության ծրագրին, սակայն որոշել անդրադառնալ վերջին օրերին մամուլում հնչող որոշ դատողությունների:

«Անկեղծ ասած` ես որոշել էի խոսել բացառապես կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ, սակայն վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր եւ լրջմիտ դեմքով հնչած սնամեջ դատողություններ ինձ ստիպեցին այդ դատողություններից մի քանիսին, այդուհանդերձ, անդրադառնալ։ Եւ այսպես` հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ` աղքատության նվազման, թիվ` տնտեսական աճի, թիվ` գործազրկության նվազման, թիվ ` ներդրումների աճի եւ էլի մի շարք թվեր։ Եւ քանի որ քաղաքականությունը ինձ համար ինչ- որ մի տեղ ճշգրիտ գիտության տեսակ է` թե ինչպե՞ս անել` քո երկրի զարգացման եւ քաղաքացիների կյանքը բարելավելու համար, որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների հանրապետական բոլոր կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց  իրար հաջորդած հանրապետական կառավարությունների ծրագրային խոսումները` բացարձակապես հանրապետականների սիրած թվերի տեսքով. «Սկսենք ամենամեծ բլեֆից։ 2017-ի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը այս բարձր ամբիոնից հայտարարվեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին։ Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու անհաջող փորձեր եւ արդյունքում` բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում։ Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր` բլեֆագիտության ժանրից։ Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այդ հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց միֆ։ Ավելին, ՀՀԿ-ական հերթական կառավարությունը իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց եւ լուծարեց երկաթուղու շինարարություն տնօրինություն փակ բաժնետիրական ընկերությունը։ Մի քիչ էլ գնանք հետ։ Գյումրու տեխնոպարկ, Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Մեծամորի ատոմայականի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում` 8-10 տոկոսային կետով, կրակված ու չիրականացված թվեր։ Միջանկյալ մի ռեմարկ` այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, որը հայաստանյան յուրահատկություն է, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն։ Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով։ Եւ դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ։ Մի քիչ էլ անցնենք առաջ` 100 հազարից ավելի նոր աշխատատեղի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածություն ունեցողների թիվը պետք է ավելանար 30 հազարով։ Հիմա հպանցիկ հղում ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի` տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ` կրճատում»,- մանրամասնեց Զոհրաբյանը։

Նա հավելեց՝ հերթական հանրապետական կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, նույն ազգային վիճակագրական ծառայությունը հերքել է դա եւ թվերով ապացուցել, որ 2016 թվի համեմատ 2017-ին օտարերկրյա ներդրումները նվազել են։ «Դրանից հետո, եթե հիշում եք, պատերազմ սկսվեց տնտեսական ներդրումների նախարարության ու ազգային վիճակագրական ծառայության միջեւ։ Եւս մեկ թիվ, քանի որ Հանրապետականի սիրտը թիվ է ուզում։ Հերթական հանրապետական վարչապետը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65 հազար դրամ։ Եւ դարձյալ, բնականաբար, բլեֆ։ Ամենակարեւորներից մեկի մասին` Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ  կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար եւ հավասար պայմաններ ու գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ներկայացված ծրագրում ոչ միայն հստակ ձեւակերպված են, այլ նաեւ` հստակ իրագործվում են։  

Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը, վստահ իրացնելով իր պատասխանատվությունը, ներկայացված ծրագրին քվեարկելու է կողմ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am