Արցախյան ազատամարտի մասնակից, գրող Սամվել Շահմուրադյանի հիշատակը նշանավորվեց գեղեցիկ ցերեկույթով

Armenpress 16:16, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանի հիշատակին նվիրված ցերեկույթին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ երբ Շահմուրադյանն ընդունվել է «Литературная Армения» ամսագրի խմբագրություն, շատ երիտասարդ է եղել և  անծանոթ անուն գրական շրջանակում: «Մի քանի տարում իր թարգմանություններով, գրական կյանքին իր մասնակցությամբ և լուրջ, կարևոր հարցերում խորամուխ լինելով` ապացուցեց, որ մեր գրական դաշտ է եկել նպատակասլաց, ազնիվ և հրաշալի երիտասարդ»,-ընդգծեց Միլիտոնյանը:

Ցերեկույթը տեղի ունեցավ հունիսի 5-ին Հայաստանի գրողների միությունում:

«1988-ի Սումգայիթի արյունալի իրադարձություններից հետո Շահմուրադյանը ձեռնամուխ եղավ այդ ոճիրը գործած անձանց գտնելուն, նրանց դատապարտելուն: Ե’վ Հայաստանում, և’ Մոսկվայում դատավարությունների մասնակցելով` նա հոդվածներ էր գրում և մեր գրողների միության սենյակներից մեկը, որը Շահմուրադյանի անունն է կրում, դարձել էր այդ նյութերի հավաքման աշխատատեղը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Շահմուրադյանն այդ խնդրի արծարծման դրոշակակիրն էր:

ՀՀ պետական և ռազմական գործիչ Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ Սամվել Շահմուրադյանն իդեալական հրապարակախոս և գրող էր: «Նա Ղարաբաղյան շարժման առաջին շարքերում էր և շատ ձեռնարկումների հեղինակ էր: Նա ոչ միայն հրաշալի տիրապետում էր իրադրությանը և գիտեր ճանապարհները, որոնցով մենք պետք է անցնեինք, այլև որպես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր օրինակ էր բոլորի համար»,-շեշտեց նա:

Պետրոսյանը նշեց, որ իրենք զենք են վերցրել այն ժամանակ, երբ գրչով այլևս հնարավոր չէր որևէ բան անել: «Շահմուրադյանն այդ պատեհ առիթով զենք վերցրեց և գրեթե բոլոր ճակատներում լուսաբանեց իրադարձությունները»,-ընդգծեց ռազմական գործիչը և փաստեց, որ Շահմուրադյանը մինչև վերջին փամփուշտը  իր օրագիրը մի կողմ չի դրել և դրանում շատ հետաքրքիր մանրամասներ է գրել»,-պատմեց ռազմական գործիչը: 

Միջոցառումը իրականացվեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության աջակցությամբ:

Սամվել Շահմուրադյանը ծնվել է Երևանում: 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972–1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980–1990 թվականներին աշխատել է «Литературная Армения» ռուսական ամսագրում։ Եղել է ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Սամվել Շահմուրադյանը Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988–1992) մամուլում հրապարակել է շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում։ «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am