1000х90.jpg (78 KB)

Քայլարշավ, ձիարշավ, թռչունների և թիթեռների դիտարկում. «Էկոտուրիզմի փառատոնը» տարբեր միջոցառումներ է առաջարկում

Armenpress 09:57, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ տարին անընդմեջ իրականացվող էկոտուրիզմի փառատոնն ամեն տարի բազմազան միջոցառումներ և հետաքրքրություններ է ստեղծում ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Էկոտուրիզմի փառատոնի» համակազմակերպիչ Սարգիս Աղայանն ասաց, որ այն տեղի է ունենալու հունիսի 23-24-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում: Փառատոնի կազմակերպիչներից է նաև «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:

Փառատոնի միջոցով երիտասարդները նպատակ ունեն նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

«Այս տարի մենք ցանկանում ենք Արտավանն ավելի ճանաչելի դարձնել մարդկանց, հատկապես, որպես էկոտուրիզմով զբաղվելու ուղղություն: Փառատոնի շրջանակում տաղավարներ են լինելու, որտեղ ներկայացվելու են փառատոնի հետ կապ ունեցող տարբեր կազմակերպությունների ծառայություններն ու ապրանքները: Տաղավարների մի մասում ներկայացված է լինելու տարբեր համայնքներից գյուղական սնունդ, որ հենց իրենց պատրաստածն է: Մասնակիցների սնունդը մատակարարվելու է համայնքների կողմից և դրանով իսկ փորձում ենք այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծել համայնքի բնակիչների համար»,- նշեց Սարգիս Աղայանը:

Փառատոնն իր մեջ ներառելու է քայլարշավ, ձիարշավ, թռչունների և թիթեռների դիտարկում, երեկոյան ժամին լինելու են տարբեր դասախոսություններ բազմազան ոլորտների հայտնի մադկանց տարբեր դասախոսություններ:

«Երեկոյան խարույկի շուրջ  տարբեր հայտնի մարդիկ դասախոսություններ կվարեն կոնկրետ թեմաներով` բնապահպանություն, էկոտուրիզմ, առաջին բուժօգնություն և այլն: Կեսգիշերից հետո նախատեսում ենք նաև աստղադիտարկում: Գիշերակացը կլինի երկու տարբերակով` վրաններում կամ գյուղի հյուրատներից մեկում»,- շեշտեց Աղայանը և հավելեց, որ Արտավանի համայնքապետարանն աջակցում է տարբեր կազմակերպչական հարցերով:

Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ) և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է: Առաջին անգամ էկոտուրիզմի փառատոնը տեղի է ունեցել 2016 թվականին` Վայոց ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում: 2017 թվականին այն կայացել է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am