«Կոտրված մանկություն»-ից մինչև հոգևոր թեմաներով նկարներ. Միքայել Հարությունյանի «Նորամուտը»

Armenpress 10:13, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը ճանաչված դարձավ այն բանից հետո, երբ 2015 թ. իր  «Կոտրված մանկություն» կտավով շահեց առաջին մրցանակը Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթում: Մոսկվայում անցկացված միջազգային ստուգատեսը նոր դռներ բացեց տաղանդավոր և այդ ժամանակ դեռ 17 տարեկան նկարչի համար: Միքայելն արդեն 20 տարեկան է, սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հասցրել է բազում այլ միջազգային մրցույթների դափնեկիր դառնալ, այժմ էլ նկարներ է նկարում նաև հոգևոր թեմաներով:

«Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծում Միքայելը պատմում է ճակատագրական մրցույթի, մասնագիտության ընտրության, սեփական նկարները ներառող ալբոմի ու այլ հետաքրքիր թեմաների մասին:

Եղբայրս նկարում էր, ես՝ նվագում

Բոլոր երեխաների նման ես ու եղբայրս փոքր տարիքից սիրում էինք նկարել: Այն ժամանակ խզբզոցներ էինք անում՝ տետրակի էջի վրա: Ես շատ էի սիրում նկարել, և նկարելուն շատ ժամանակ էի տրամադրում: Մի պահ դա սկսեց ավելին լինել, քան պարզապես նկարելը: Բայց մի պահ էլ այնպես ստացվեց, որ սկսեցի զբաղվել երաժշտությամբ, դաշնամուր էի նվագում: Ինձ մոտ նվագելն էր ավելի լավ ստացվում, եղբորս մոտ՝ նկարելը: Հետո հետաքրքրություններս փոխեցինք: 

Նկարչական դասերի չեմ գնացել, բայց խորհրդակցել եմ տարբեր նկարիչների հետ: Շատերի արվեստանոցներում եմ եղել, կարծիքներ հարցրել: Առաջին քայլերը կատարելիս ինձ շատ է օգնել նկարիչ Ֆրենկ Գասպարյանը: Ավելի ուշ՝ 2011 թ. նկարիչ Էդվարդ Ավագյանի մոտ 2 տարի անհատական դասերի գնացի: 13 տարեկան էի, հաճախ էի այցելում նկարիչ Արամ Իսաբեկյանին, հարցեր տալիս: Ուրախ եմ, որ հիմա Գեղարվեստի ակադեմիայում հենց նրա ուսանողն եմ:

Միշտ էլ առաջ գնալու տեղ կա…

Գեղարվեստի ակադեմիայում, բացի նկարելուց, շատ բաներ կարելի է սովորել: Երբեք չի կարելի համարել, որ հասել ես վերջնակետին, միշտ առաջ գնալու, զարգանալու տեղ կա, և դա վերաբերում է նաև նկարչության տեխնիկական կողմին: Բաց գիտելիքներս դասախոսների շնորհիվ լրացվում են, մեծ փորձ եմ կուտակում, ձեռք եմ բերում ընկերներ, կյանքին տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորություն ունեմ:

Կուրսի ընկերներիս նկատմամբ առավելություն չունեմ, որովհետև յուրաքանչյուրը նկարում է այն ձևով, ինչպես ինքն է զգում: Եվ դա հետաքրքիր է:

«Կոտրված մանկությունը»

2015-ին մասնակցեցի Հոլոքոստի թեմատիկային նվիրված մրցույթին: Կարծում եմ, որ իմ այս ընթացքի համար շատ կարևոր քայլ էր. մրցույթն ամրապնդեց այն հիմքը, որին հենվելով ես շարունակում եմ իմ ճանապարհը: Նախ և առաջ հետաքրքիր էր անդրադառնալ այդ թեմատիկային, քանի որ Ցեղասպանության թեմատիկան մեզ համար էլ է շատ կարևոր: 2000 աշխատանքներից առաջին տեղը գրավեց իմը: Ի դեպ, առաջին տարին էր, որ Հայաստանը մասնակցում էր այդ մրցույթին: Շատերը հետաքրքրվեցին Հայաստանով, ես էլ պատմեցի մեր Ցեղասպանության մասին:   

Հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ- ի փարիզյան գրասենյակում ցուցադրել էին այդ նկարը: Պատահաբար իմացա, որ նկարը լուրջ տարածում է գտել հրեաների շրջանում, իրենց հիշատակի օրերին շատ հաճախ օգտագործում են այն, գրքերում է տպագրվել: Այս պահին նկարը Հայաստանի հրեական համայնքում է, ես հենց սկզբից այն նվիրել էի համայնքին:

Աշխատանքները՝ մեկ ալբոմով

Իմ աշխատանքները ներառող ալբոմը 2017 թ. հրատարակվեց Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ: Ալբոմը ներառում էր իմ տարբեր տարիների աշխատանքները: Իմ առաջին ալբոմն էր, այդքան տարիների աշխատանքներս մի տեղ հավաքելու հնարավորություն:

Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց, երևի, 200-ից ավելի նկար ունեմ: Բայց դրանք ինձ մոտ չեն, աշխարհի 10-12 երկրներում են, անհատ հավաքորդների մոտ: Հայաստանում էլ տարբեր մարդկանց մոտ նկարներ ունեմ:  

Արվեստանոցի խնդիր

Չունեմ արվեստանոց, վայր, որտեղ ազատ, առանց ինչ-որ բանից շեղվելու կկարողանամ աշխատել, կենտրոնանալ իմ նկարների վրա: Արվեստանոց չունենալը զուտ տեխնիկական բնույթ է կրում, հուսով եմ, կլուծվի:

Համագործակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ  

Տարիներ առաջ նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն էր Ազգային պատկերասրահում, որտեղ պատահաբար հանդիպեցի տեր Ասողիկ քահանա Կարապետյանին: Ծանոթացանք և մտերմացանք: Հետագայում նկարեցի Վեհափառի դիմանկարը, և այդ նկարը մեծ ճանապարհ բացեց ինձ համար: Հանդիպեցի Վեհափառի հետ, իր ջերմ, հայրական մոտեցմամբ ոգևորեց ինձ և մի քանի նկար պատվիրեց: Արդեն հասցրել եմ Մայր Աթոռի համար մի շարք նկարներ անել: Դրանցից կուզենամ առանձնացնել Վեհափառ հայրապետների դիմանկարների շարքը. տարբեր տարիներին եկեղեցին գլխավորած հայրապետների դիմանկարներ եմ նկարում, մինչև հիմա աշխատում եմ ուղղությամբ: Առանձին կոմպոզիցիոն աշխատանքներ էլ կան, որոնք ավարտել եմ: Սարդարապատի ճակատամարտի թեմայով շարք եմ արել, որը Թանգարանների գիշերվա ընթացքում ներկայացվեց Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում:  Այն, հավանաբար, տեղ կգտնի վեհարանում:  Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկար կտևի: Պետք է շատ գործեր անեմ սուրբ Էջմիածնի համար:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը: «Նորամուտ»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների, նկարիչների, երաժիշտների և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս: «Նորամուտ» երիտասարդական նախագծի համար գործակալությունը 2016 թ. արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am