Արցախի պետնախարար Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի ցուցարարներին

Armenpress 21:20, 3 Հունիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն արգելափակած ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ հունիսի 1-ի երեկոյան Ազգային անվտանգության ծառայության ծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո պահանջելով ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև իրավապահ մարմինների միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականը։

Պետնախարարը ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր:

Նրա խոսքով՝ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ:

«Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում: Կոնկրետ առկա դժգոհությունները, իմ համոզմամբ, միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  բողոքի ակցիայի հեղինակների հետ տեղում Արայիկ Հարությունյանն առանձին քննարկել է հիմնական պահանջները՝ նախօրեին  տեղի  ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին պատժելու և ուժային մի շարք կառույցների ղեկավարների ու առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականի հարցերը:

Պետնախարարը նշել է, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները, առանց բացառության, արդեն կալանավորված են, իսկ ուժային կառույցներում պաշտոնանկությունների պահանջը պատրաստ են հանրապետության նախագահի մոտ քննարկելու և բավարար լուծումներ գտնելու:

Որոշվել է նախաձեռնող խմբից 5-6 հոգանոց պատվիրակություն կազմել և մինչև օրվա վերջ հանդիպումը շարունակել  նախագահ Բակո  Սահակյանի մոտ:

Ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը և սպասում են նախագահի հետ հանդիպման արդյունքներին:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am