«Մունդիալ-2018»-ից առաջ. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ շոկոլա՞դ, թե ֆուտբոլ  

Armenpress 12:20, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական շոկոլադ, թե Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքական: Ցավոք, շվեյցարական հավաքականին շոկոլադի պես քաղցր խումբ  բաժին չի  ընկել (E խումբ` Բրազիլիա, Սերբիա, Կոստա Ռիկա): Նրան, անկասկած, հեշտ խումբ բաժին չի ընկել, սակայն չպետք է մոռանալ նաև, որ Շվեյցարիայի այսօրվա հավաքականի անցած ճանապարհը լեցուն է հաջողություններով: Ամեն ինչ սկսվեց 2002 թվականին, երբ Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում:  2011 թվականին Եվրոպայի մինչև 21 տարեկանների  առաջնությունում այս երկրի հավաքականը միայն  եզրափակիչում զիջեց  Իսպանիային: Հենց  այս երիտասարդներն  էլ այժմ  համալրել են «շվեյցարական 11»-ի կազմը: Այս հավաքականը համալրված է երիտասարդներով, ովքեր խանդավառված են իրենց ունակությունները մունդիալում ցույց տալու հեռանկարով:  

Պատմական ակնարկ

  «Շոկոլադի երկրի» ֆուտբոլային ուղին սկսվել է 1934 թվականին: Իտալիայում  կայացած ԱԱ-ում շվեյցարացիները հասան մինչև քառորդ եզրափակիչ: Նրանք նույն տեղը` քառորդ եզրափակիչ հասան  նաև 1938 և 1950 թվականներին: Սակայն հավաքականն անկում ապրեց  1962 և 1966 թթ. մունդիալներում, որտեղ մնաց խմբային փուլում, իսկ հետագա 6 առաջնություններում նույնիսկ չորակավորվեց:  

  «Վերադարձը» եղավ 1994 թվականին: ԱՄՆ-ում կայացած ԱԱ-ի ժամանակ դուրս գալով խմբից՝ շվեյցարացիները «բախվեցին» «Կարմիր ֆուրիա»-ին՝ Իսպանիայի ընտրանուն և չշարունակեցին պայքարը: Բաց թողնելով աշխարհի ևս երկու առաջնություն՝ «շոկոլադե երկրի» ներկայացուցիչները 2006 թվականի մունդիալի 1/16 եզրափակիչում պարտվեցին Ուկրաինային: Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջնությունում Շվեյցարիայի ազգային թիմը դուրս չեկավ խմբից: 2014 թվականի աշխարհի առաջնությունում Շվեյցարիան ընդգրկված էր E խմբում և երկրորդ տեղով դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց Արգենտինային:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Եվրոպական ընտրական գոտում Շվեյցարիայի հավաքականը B խմբում է: 10 խաղից հաղթելով 9-ում և պարտվելով միայն 1-ում՝ «քաղցր հավաքականը» խմբում գրավեց երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին: Շվեյցարիան մասնակցեց անցումային խաղերին և երկու խաղերի արդյունքում հաղթելով Իռլանդիայի հավաքականին՝ նվաճեց մունդիալի ուղեգիր:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Շվեյցարացիները համառ են, պայքարում են մինչև վերջ, գնում յուրաքանչյուր գնդակի, փոխանցման հետևից, սակայն բավարար կլինի՞, արդյոք, դուրս գալու խմբից ցույց կտա ժամանակը: «Շվեյցարական 11»-ը մունդիալում պայքարը կսկսեն առաջնության ֆավորիտի հետ պայքարով` հունիսի 17-ին կկայանա Բրազիլիա-Շվեյցարիա խաղը: Հունիսի 22-ին եվրոպական երկու թիմ` Սերբիան և Շվեյցարիան կխաղան Կալինինգրադում: Իսկ խմբի վերջին խաղում Շվեյցարիան կխաղա Կոստա Ռիկայի հետ: Խաղը կկայանա հունիսի 27-ին:

Հավաքականը

Ֆուտբոլի Շվեյցարիայի ազգային թիմը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել մունդիալի հայտացուցակի հարցում: Շվեյցարիայի հավաքականի մարզիչը 2014 թվականից ռուս մասնագետ Վլադիմիր Պետկովիչն է: Շվեյցարական հավաքականի հիմնասյուներից մեկը թիմի ավագ և փորձառու Շտեֆան Լիխտշտայներն էր, ով հանդես է գալիս իտալական «Յուվենտուս»-ի կազմում: Մասնագետները հույսեր են կապում երիտասարդ Բրել Էմբոլոյի հետ:

Շվեյցարիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբՖրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am