«Որևէ մեկը չի կարող ասել, որ այս պատմությունը ճշմարիտ չէ». Մարկ Արենը՝ «Վիլ- Էվրար» գրքի մասին


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» բեսթսելերի հեղինակ Մարկ Արենը Հայաստանում է. եկել է ներկայացնելու իր վերջին՝ «Վիլ-Էվրար» գիրքը, որի շնորհանդեսը մայիսի 31-ին անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Շնորհանդեսի ընթացքում ընթերցասերները և լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ստացան զրուցելու նաև հեղինակի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարկ Արենի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:

Մարկ Արենը՝ «Վիլ-Էվրար» գրքի մասին

«Վիլ-Էվրար» գիրքը հետաքրքիր ձևով ծնվեց: Իմ ընկերներից պրոդյուսեր Վալերի Սահարյանը մի օր ինձ ասաց, որ հետաքրքիր կլինի Կոմիտասի վերաբերյալ պատմություն գրել: Ես նրան ասացի, որ դա բավականին ծանր բեռ է, ծանր խնդիր, բայց խոստացա մտածել այդ մասին: Այնուհետև մտածեցի, որ կուզենայի գրել իմ Կոմիտասի մասին, մի Կոմիտասի, որին լայն հասարակությունը չի ճանաչում, չի ճանաչել, որովհետև, չգիտես ինչու, մեզ մոտ տպավորված էր Կոմիտասի՝ հույսը կորցրած, մոլորված պատկերը ծանր և դաժան դեպքերից հետո: Ես չէի ուզում նման Կոմիտասի մասին գրել: Երբ խորությամբ սկսեցի ուսումնասիրել նրա կենսագրությունը, գտա մի ժամանակահատված, որի մասին ոչինչ չգիտեի: Դա այն ժամանակահատվածն է, երբ Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար» հոգեբուժարանում: Հետո նա տեղափոխվեց «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ վախճանվեց: «Վիլ-Ժուիֆ»-ի մասին շատ ինֆորմացիա կա. նրան այնտեղ այցելել են իր ընկերները, բարեկամները: «Վիլ-Էվրար»-ի մասին գրեթե տեղեկատվություն չկա: Եվ ես հասկացա, որ սա ինձ թույլ կտա գրել այդ մասին: Ես չեմ կարող պնդել, որ այն, ինչ ես գրել եմ, տեղի է ունեցել, բայց չեմ էլ կարող հերքել:

...ես չէի կարող շրջանցել այն դժբախտությունը, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ, և որի պատճառով Կոմիտասը մեկնեց Ֆրանսիա, բայց ես ուզում էի դրա մասին ասել այլ կերպ՝ առանց ցույց տալու որևէ դաժան դեպք: Ինձ պետք էր, որպեսզի ես դրա մասին ասեմ 2-3 խոսքով, բայց որպեսզի լայն հասարակությունը հասկանա այդ դժբախտության խորությունը:

…. ինձ թվում է, որ «Վիլ-Էվրար»-ը նույն հաջողությունը պետք է ունենա, ինչ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը: Զարմանալի է, որ պիեսները կարդացվում են Հայաստանում: Սա վկայում է այն մասին, որ սերը դեպի գիրքն առկա է ու պահպանվել է մեր ազգի մեջ:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 «Վիլ-Էվրար»-ում չեմ եղել

Հուսով եմ, որ կլինեմ այնտեղ: Հավաքել եմ «Վիլ-Էվրար»-ի մասին համացանցում եղած ամբողջ տեղեկատվությունը, լուսանկարները: Նույնիսկ պատկերացնում էի, թե ինչպես է Կոմիտասը զբոսնել «Վիլ-Էվրար»-ի պարտեզով:

Ցեղասպանություն և Հոլոքոստ

«Վիլ-Էվրար»-ում երկու գլխավոր հերոս կա՝ երիտասարդ բժշկուհի Իզաբելը և նրա ղեկավարը՝ հոգեբուժարանի գլխավոր բժիշկն ու տնօրենը՝ տարիքն առած պրոֆեսոր Դյուպոնը: Որոշել էի գիրքը գրել այն բոլոր կանոններով, որով գրվում են նման պատմությունները: Կոմիտասի համար մի ընկեր հնարեցի, որն իր հետ նույն պալատում էր մնում՝ շախմատիստ Շպիլմախերը: Կոմիտասն անցել էր Ցեղասպանության միջով, իսկ Շպիլմախերին ապագայում Հոլոքոստ էր սպասվում: Ես ուզում էի կապել երկու ժողովուրդների ճակատագրերը. ասել է թե՝ եթե հայ ժողովուրդը չանցներ Ցեղասպանության միջով, նման բան չէր լինի նաև հրեա ժողովրդի հետ:

Քիչ կարդալ, շատ՝ գրել

Ես աշխատում եմ հնարավորինս քիչ կարդալ: Երբ կարդում ես, տպավորվում այս կամ այն գործով, կամա թե ակամա սկսում ես մտածել այնպես, ինչպես մտածում է այդ հեղինակը և սկսում ես շաբլոններով աշխատել: Դա իր բացասական կողմն ունի:

Անհատական ոճ

Բոլոր պրոֆեսիոնալ գրողներն ինչ-որ ոճով են գրում: Քանի որ ես պրոֆեսիոնալ գրող չեմ, որոշեցի գտնել իմ ոճը և այդ ոճն անվանում եմ «ավանտյուրիզմի ոճ»: Ես վերցնում եմ մի քանի պատմական դեմքերի, ովքեր շատ հայտնի են, խառնում եմ իմ կողմից ստեղծված մտացածին հերոսների հետ. հորինված հերոսներն ինչ-որ չափով իրական են դառնում: Փառք Աստծո, այդ փորձը մինչև հիմա հաջողվում է, մեթոդը բավականին լավ աշխատում է: Եվ դրա ապացույցն այն փաստն է, որ գրքերն արդեն մի քանի անգամ վերահրատարակվում են:  

Հաջորդ գրքի մասին

Գրքի հերոսները երեք տղաներ են, ովքեր մեծանում են նույն բակում, տարբեր ընտանիքներից են, բայց ընկերություն են անում: Նրանցից մեկը մեկ տարով մեծ է մյուսներից, և չի պատկերացնում իր կյանքն առանց ընկերների: Նա փորձում է այնպես անել, որ մնա նույն դասարանում, որ իր ընկերների հետ սովորի: Տղաներն ավարտում են դպրոցը, Ղարաբաղյան պատերազմ են գնում, վերադառնում են պատերազմից: Եվ նրանցից յուրաքանչյուրի կյանքը տարբեր կերպ է դասավորվում: Տղաներից մեկը դառնում է հարուստ բիզնեսմեն, բայց հայրը շարունակում է աշխատել: Նա դա բացատրում է հետևյալ կերպ՝ հիմա ես կարող եմ արդեն գումար չվերցնել աղքատներից:

…ես շատ եմ ուզում, որ նման հերոսները, որ նկարագրված են գրքում, շատանան մեր իրականությունում: Բոլոր հեղինակները ձգտում են, որ հասարակության մեջ իրենց նկարագրած դրական հերոսներին նման մարդիկ լինեն: Եթե գրքերը թույլ տան լուծել մեր խնդիրները, աշխարհը կլինի ավելի գեղեցիկ:

Գրքի հիման վրա Հայաստանում հեռուստասերիալ է նկարահանվում, պետք է այնպես անենք, որ գիրքն ու ֆիլմը միաժամանակ դուրս գան:

Մարկ Արենը (իրական անունը՝ Կարեն Մարգարյան) արդի հայ արձակագիր է ։ Բնակվում է Մոսկվայում և մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։ Երևանյան գրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեսթսելեր ։ Մարկ Արենն «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում այս տարի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր», «Վիլ-Էվրար» ստեղծագործությունների համար «Օտարագիր հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի էր արժանացել («Բուկինիստ» հրատարակչություն): 

 «Վիլ-Էվրար» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց երաժշտական համարներով: Ելույթ ունեցավ նաև գրքի թարգմանիչ Հովհաննես Այվազյանն, ով փաստեց, որ իր համար մեծագույն հաճույք էր թարգմանել Արենի գիրքը: Նա նաև տեղեկացրեց, որ թարգմանել է գրողի հաջորդ գիրքը, որը լույս կտեսնի առաջիկայում:

Ռոզա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am