Եվրամիությունից ստացվելիք դրամաշնորհներն ավելացնելու հնարավորություն կա «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով. ԱԳ նախարարի տեղակալ

Armenpress 12:29, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ընթացիկ տարում Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում կստանա 36 միլիոն եվրո դրամաշնորհ, ինչը 10 միլիոն եվրոյով ավելացնելու հնարավորություն կա: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը: «2017-2020 թվականներին Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 176 միլիոն եվրոյի աջակցություն: Բայց Հայաստանը կարող է նաև ֆինանսավորում ստանալ հովանոցային ծրագրից, եթե լուրջ առաջընթաց գրանցի խորքային, կայուն ժողովրդավարության համաձայնեցված բարեփոխումների ոլորտում, այսպես կոչված, «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարի տեղակալը:

Պաշտոնյայի խոսքով՝ չորս տարվա ընթացքում նախատեսվող 176 միլիոն եվրոյի աջակցությունը կուղղվի տնտեսական զարգացման և շուկայական հարաբերությունների բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, էներգետիկ արդյունավետության ու կլիմայի փոփոխության խնդիրներին, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին: «Այդ գումարը ներառում է ինչպես բյուջետային և տեխնիկական աջակցություն, այնպես էլ դրամաշնորհային ծրագրեր, որոնց պարագայում գումարներն ուղղակիորեն տրամադրվում են իրականացնող կողմին՝ տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,-հավելեց պաշտոնյան:

Համաձայն Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տրամադրած տվյալների՝ 2017 թվականին արտաքին գործընկերներից ստացած ֆինանսական աջակցության մեջ 43 տոկոսը բաժին է հասել Եվրամիությանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am