Հայաստանի բանկերից խոշոր գումարների արտահոսք չի եղել

Armenpress 15:51, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակ միայն ֆիզիկական անձանց փոքր ավանդների խզումներ են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Մեր բանկային համակարգն ապացուցեց, որ շարունակում է մնալ կայուն: Վերջին զարգացումների ժամանակ եղան միայն ֆիզիկական անձանց որոշ փոքր ավանդային պայմանագրերի խզումներ: Նրանք հիմնականում այն ավանդատուներն էին, ովքեր չէին կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել: Այն, ինչ դուրս էր եկել, այսօր ամբողջապես վերադարձել է համակարգ»,-հավաստիացրեց Գրիգորյանը:

Փոքր արտահոսքերը բանկերի մեջ բաշխված են եղել հավասար: Իսկ ավանդների չափերը եղել են տարբեր: Խզումների ծավալը մեծ չի եղել: ԿԲ-ն խոշոր գումարների արտահոսք չի ֆիքսել: «Նման արտահոսքը հեշտ բան չէ: Ոչ միայն ԿԲ-ում գործող ֆինանսական դիտարկումների կենտրոնն է մինչև վերջ հետազոտում ցանկացած խոշոր ֆինանսական հոսք, այլ նաև ստացող երկրի ֆինանսական համակարգը: Բանկերի միջոցով հնարավոր չէ, որ առանց հսկողության խոշոր ֆինանսական հոսք տեղի ունենա»,-նշեց Գրիգորյանը:

Նրա հավաստմամբ`բանկային համակարգը վերջին քաղաքական զարգացումներին դիմակայեց` ցույց տալով, որ կարևոր է ունենալ անկախ Կենտրոնական բանկ համապատասխան պրոֆեսիոնալ գործիքակազմով և աշխատակազմով: Կարողացան ֆինանսական համակարգը բավական իրացվելի պահել և ունակ՝ սպասարկելու տնտեսությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am