Երգիչ Գևորգ Հաճյանը նոր ոգով և նոր գործիքավորմամբ է ներկայացրել ռազմահայրենասիրական սիրված երգերը

Armenpress 11:06, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Անջար քաղաքում ծնված, մեծացած և կրթություն ստացած երգիչ Գևորգ Հաճյանը Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ լույս է ընծայել «Ղօղանջ անկախութեան» ձայնասկավառակը: Երկու խտասալիկից բաղկացած ալբոմում ներառված են հանրությանը քաջ հայտնի ռազմահայրենասիրական այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Գինի լից», «Անդրանիկին», «Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր», «Սերոբ Փաշային երգը» և այլ ստեղծագործությունները: Ձայներիզի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 29-ին Մուսա լեռան հուշահամալիրում:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գևորգ Հաճյանը պատմեց Հայաստանում և արտերկրում ծավալած գործունեության, իր նպատակների և սկավառակի մասին:

-Պարոն Հաճյան, ինչպե՞ս սկսվեց ձեր ստեղծագործական ուղին:

-Երբ դեռ փոքր էի և ապրում էի իմ հայրական տանը, ակտիվ մասնակցում էի գյուղում, դպրոցում, եկեղեցում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին: Այնուհետև դարձա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի սան: Այնտեղ ութ տարի սովորեցի, և հենց դպրեվանքում դրվեցին հոգևոր, ազգային երգերի ուսուցման և կայացման հիմքերը: Այդ ժամանակ հասկացա, որ Աստծուց ինձ տրված տաղանդը պետք է ավելի մաքրեմ, փայլեցնեմ, հետևաբար Լիբանանի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջում խմբավարական դասընթացներ և անհատական պարապմունքներ ստացա:

Ընդգծեմ, որ տասը տարի ապրել եմ Քուվեյթում: Այնտեղի ազգային վարժարանում  մանկապատանեկան և չափահասների երգչախմբեր եմ ղեկավարել: Դրանք տարբեր մրցույթներում մեդալների են արժանացել:

-Բավականին երկար ժամանակ է, որ ձեր ընտանիքի հետ հաստատվել եք Հայաստանում: Ինչու՞ որոշեցիք գալ հայրենիք:

-Հայաստանում սկսվում է իմ մասնագիտական երկրորդ հանգրվանը: Տիկինս՝ Ֆրիդան, բանասեր է: 2004-ին երկուսիս համար առիթ ստեղծվեց գալ այստեղ և ավելի կատարելագործվել մեր մասնագիտություններում. թեև 1993-ին իմ ծննդավայրում  արդեն մենահամերգ ունեցել էի: Դա էլ ինձ ավելի պատասխանատու դարձրեց, և ես ավելի բծախնդիր եղա ինքս իմ հանդեպ: Երբ եկա Հայաստան, ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ դարձյալ սովորեցի խմբավարական բաժնում, բայց դրան զուգահեռ նաև անհատական պարապմունքների մասնակցեցի հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի մոտ: Հետագայում «Շարական» անսամբլի մեներգիչ դարձա, այնուհետև սկսեցի երգել Մենակատարների արական համույթում (խմբավար՝ Դանիել Երաժիշտ,  գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան): 2007 թվականին մենահամերգ ունեցա: Ամեն տարի Երևանում համերգներ եմ տալիս: Այս տարի հունիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա իմ մենահամերգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Ընդգծեմ, որ մենահամերգներով հանդես եմ եկել աշխարհի բոլոր հայկական համայնքներում, ինձ նվագակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հնդիկ, չինացի, ֆրանսիացի, հրեա, ռուս և այլք:

-Համերգային տարբեր ծրագրերում ի՞նչ ստեղծագործություններ եք ներկայացնում:

-Կատարում եմ Կոմիտասի գործերը, ազգային, հոգևոր երաժշտություն, ազգագրական, ժողովրդական, ռազմահայրենասիրական ստեղծագործություններ: Ինչպես ասել է Կոմիտասը. «Հոգևոր երաժշտությունը և ազգային երաժշտությունը նույն ակունքներից են բխում»: Ես երկուսն էլ հնչեցնում եմ.  դրա զինվորն եմ, այդ երգի ջատագովն եմ, դա հանապազօրյա հացի և ազգի հավերժացման գաղտնիքն է, բանալին է, որը ես գտել ու տեսել եմ: Այդ երգերի հզորությունն ու ազդեցիկությունը զգում եմ ոչ միայն հայ, այլև օտարազգի երաժշտասերի համար երգելիս: Կոմիտաս կատարելիս դահլիճում ներկա օտարազգի հանդիսատեսի 80 տոկոս-ն այնպես է զմայլվում այդ երաժշտությամբ, ինչպես կհիանար՝ ադամանդյա քար տեսնելով: Կոմիտասի գործերը բազմաշերտ են, տարբեր նրբերանգներով և վաղուց համաշխարհային արժեք ունեն:

Այդ երգերի ոգին զգում եմ նաև բանակում: Երբ երգում եմ բանակայինների համար՝ ցանկանում եմ նրանց ասել, որ իրենց հետ եմ, նրանց մասնիկն եմ: Ուզում եմ ցույց տալ, որ նրանք և մշակութային գործիչները նույն հարթակում են, երկուսն էլ ազգային  անվտանգությունն են պահպանում, քանի որ մշակույթը, երկիրը, հողը, հայրենիքն ամբողջություն են:

-Կներկայացնեի՞ք Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ թողարկած ձեր նոր ձայնասկավառակը…

- Շեշտեմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ձայնասկավառակ թողարկել եմ, որում այդ ոճիրի զոհ դարձած մտավորականների՝ Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և այլոց  ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր ենք զետեղել: Դրանց երաժշտությունը  մշակել է Դանիել Երաժիշտը:

Ինչ վերաբերում է «Ղօղանջ անկախութեան» խտասալիկին, ապա ասեմ, որ «ղօղանջ» բառը խորհրդանշում է Սարդարապատի հուշարձանի զանգերը, անկախությունը: Սկավառակում ներառված երգերը հնչում են այնպես, ինչպես անկախության պատգամը: Ընդգրկված են այն բոլոր երգերը, որոնք դարձան ոգի, որոնք կերտեցին հարյուրամյա պետականությունը, որը պետք է  անմահացնենք: Երգերը յուրահատուկ հնչողություն ունեն. դրանք գործիքավորել է Գարիկ Առաքելյանը: Մենք պատմական նշանակալի իրադարձություններով հարուստ ժողովուրդ ենք և հաճախ ենք կարևոր տոներ նշում:

Ձայնասկավառակը բացելիս կարելի է տեսնել Արամ Մանուկյանի, Աղբյուր Սերոբի, Բաբկեն Սյունու և 1918 թվականին պետականության ստեղծման գործում մեծ դերակատարում ունեցած այլ անձանց նկարներ: Այդպես ցանկացել եմ իմ երախտագիտությունը հայտնել նրանց:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am