Մայիսյան տոներին ավելացավ ևս մեկ տոն, ևս մեկ զարթոնք. Սեյրան Օհանյան

Armenpress 13:50, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ապրում է նոր իրողությունում, ձևավորված է նոր մթնոլորտ, ինչը նպաստելու է զարգացմանն ու առաջընթացին: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել  բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության անկախության առթիվ: Այս օրը խորհրդանշական է այն առումով, որ մենք շարունակում ենք մեր պատմությունը, և մայիսյան տոներին այսօր ևս մեկ տոն ու զարթոնք ավելացավ: Մենք կարողացանք ապացուցել, որ մեր հայ ժողովուրդն ամբողջ պատմության ընթացքում պայքարով է ապահովել իր զարգացումն ու առաջընթացը: Մենք այսօր այլ երկրում ենք ապրում, այլ մթնոլորտ է ստեղծված և միանշանակ նպաստելու է քաղաքական ուժերին՝ ողջ ժողովրդին մեր զարգացումն ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը:

Արդյոք Սեյրան Օհանյանը առաջիկայում կլինի ակտիվ քաղաքականության մեջ, հարցին ի պատասխան նա նշեց, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, դրա մասին կասի:

Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատել է 2008-2016 թվականներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am