Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության 100-ամյակը

Armenpress 08:00, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական այս տարում ծրագրված են բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ՝ գիտաժողովներ, համաժողվներ, մշակութային ու հասարակական տարբեր հանդիսություններ՝ ևս մեկ անգամ նշանավորելու և իմաստավորելու առաջին հանրապետության խորհուրդը հայկական պետականոթյան հետագա կերտման ճանապարհին: Մայիսի 28-ին ևս տոնական իրադարձությունները բազմազան են՝ հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են միջոցառումներ` ի հիշատակ անկախությունը կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունը կայցելի Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անկախության և ազատության համար կռիվ մղած հերոսների հիշատակին:Սարդարապատում էլ հենց տեղի կունենա օրվա գլխավոր իրադարձություններից մեկը՝  «Հաղթանակի դար» վերտառությամբ զինվորական շքերթը, համայնքների տոնական հյուրասիրությունը, ուրախ երգուպարը: Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում համերգով կեզրափակվի հոբելյանական օրը:

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

100 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը  կռիվ տվեց թշնամու` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: 

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը: 

Խորհրդանշական այս օրը Հայաստանում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ կան. ԱՄՆ-ից ժամանել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, Ֆրանսիայից՝ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Սփյուռքից երկիր են այցելել հազարավոր հյուրեր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am