Աշնակում  և Երևանում նշվել է ավանդական Ֆիդայատոնը

Armenpress 21:42, 27 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նշվել է հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային-ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված Ֆիդայատոնը: Այդ առիթով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենի առաջին տեղակալ Կառլեն Ղազարյանն այցելել են Աշնակ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի և նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ Աշնակում ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ավանդույթի համաձայն` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրը նշվել է նաև մայրաքաղաքում։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Գևորգ Չավուշի արձանին դրվել է ծաղկեպսակ և խոնարհվել են ծաղիկներ: 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am