«Արաբկիր»-ը և Starkey-ն լսողական սարքերի տրամադրումը կշարունակեն Ծաղկաձորում

Armenpress 17:17, 27 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը և Starkey հիմնադրամը մայիսի 27-ին իրականացրին հերթական առաքելությունը Երևանում, «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ»-ի հայաստանյան կենտրոնում, իսկ մայիսի 28-ին և 29-ին այն կիրականացվի Ծաղկաձորում, որի շրջանակներում մոտ 1500 հոգու Երևանից և ՀՀ մարզերից կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ գրանցում, ականջի և լսողության հետազոտում, ականջի ներդիրների և լսողական սարքերի տրամադրում, մարտկոցների ապահովում, խորհրդատվություն և այլն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամից,  «Ստարքի»-ի այս տարվա առաքելությանն աջակցել են՝

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի հիմնադրամ Հայաստանի լսողության հիմնադրամ Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ստարկի լսողական տեխնոլոգիաներ – Մեծ Բրիտանիա «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «2015թ-ին «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին, որի հիմնադիրն է Արա Բաբլոյանը, Լոս Անջելեսի Քավուկջյան ընտանիքի ջանքերով հաջողվեց համաձայնության գալ լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ Սթարքի (Starkey) հիմնադրամի հետ՝ բարեգործական առաքելություն իրականացնել Հայաստանում՝ կարիքավոր անձանց ապահովելու լսողական սարքերով: Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը:

Սթարքի ընկերությունն ու Սթարքի հիմնադրամը այդ առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 60-ում այն կրում է շարունակական բնույթ: 2017թ. առաքելությունը մեծ հաջողությամբ իրականացվեց նաև Հայաստանում, որի արդյունքում 1800-ից ավել շահառուներ ապահովվեցին լսողական սարքերով և այն դարձավ շարունակական և կայուն ծրագիր»:

«Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրն է Արա Բաբլոյանը, ստեղծվել է 1995թ. և տարիներ շարունակ գործունեություն է ծավալում մտավոր, ֆիզիկական, լսողական, հաղորդակցման և այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների և հասարակության մեջ ինտեգրման ծրագրերի իրականացման ուղղությամբ»:

Մայիսի 27-ին իրականացված առաքելությունը՝  Starkey հիմնադրամի կողմից լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին մասնակցել են բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am