Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը

Armenpress 16:36, 26 Մայիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախագահի գրասենյակից:

Իր խոսքում Հայաստանի նախագահն ընդգծել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»: 

Նա ասել է, որ հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու և բաժանարար գծերը փոխշահավետ ձևով վերացնելու ժամանակահատված: Արմեն Սարգսյանի կարծիքով, ներկա իրողությունները և հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող զարգացումների դինամիկան թույլ են տալիս հուսալ, որ ժողովրդավարացման գործընթացները կնպաստեն տարածաշրջանի ինտեգրմանը և կայուն խաղաղության հաստատմանն ու տնտեսական վերելքին:

Հայաստանի նախագահը վստահ է, որ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել համագործակցությանը խոչընդոտող ոչ միայն տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնությունները, այլև՝ հաստատել հանդուրժողականության, փոխշահավետության և բարիդրացիական հարաբերություններ բոլոր ոլորտներում։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am