1000х90.jpg (78 KB)

Տարոն Մարգարյանը կենդանաբանական այգու ամենամեծ ձեռքբերումներից է համարում կարանտինային կենտրոնը

Armenpress 14:59, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի կենդանաբանական այգին ներկայանալի և մրցակից է աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանն այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով տարեշրջանի բացմանը շրջայց կատարեց այգում տիկնոջ և երեխաների հետ: «Երևանի 2800 ամյակի հետ կապված մենք նվիրում ենք մեր համաքաղաքացիներին ընդլայնված այգի երեք անգամ ավել տարածքով, և երեք անգամ ավել վանդակներով»,-ասաց քաղաքապետը, հույս հայտնելով, որ  տուրիստական կազմակերպությունները արդեն մեր օտարերկրյա հյուրերին կուղեկցեն կենդանաբանական այգի:

Տարոն Մարգարյանը նշեց, որ այգու վերանորոգման աշխատանքների երրորդ փուլից հետո կարելի կլինի այգին համարել միջազգային չափանիշներին համապատասխան: «Մենք մեր առջև խնդիր ենք դրել նաև կենդանիներով հարստացնել մեր կենդանաբանական այգին»,-հավելեց Տարոն Մարգարյանը այգու վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումը համարելով կենդանիների համար նախատեսված կարանտինային կենտրոնը: «Եթե 2015 թվականին մեզ համար երազանք էր կենդանաբանական կլինիկան, ապա այսօր մեր ձեռքբերումը համարում ենք կարանտինային կենտրոնը»,-ընդգծեց Մարգարյանը:

Երևանի կենդանաբանական այգու աննախադեպ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին, ինչի արդյունքում այգու տարածքը 7 հեկտարից դարձել է 16 հեկտար:

2016 թվականից մեկնարկել է կենդանաբանական այգում վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, ինչի արդյունքում նվազագույնի են հասցվել փոքրատարածք կենդանավանդակները: 2016-2018 թվականներին իրականացված աշխատանքների արդյունքում շահագործման հանձնվեցին գայլերի և արջերի, ինչպես նաև առյուծների նոր ազատավանդակները, կենդանիների հետ անմիջական շփման այգին, կենդանիների կարանտինը: Այգու գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում քայքայված շինությունների փոխարեն կառուցվել են նոր ազատավանդակներ, իրականացվել են բարեկարգման, կանաչապատման լայնածավալ աշխատանքներ:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am