Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն անթույլատրելի է համարում ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումը

Armenpress 21:34, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հայտարարություն է տարածել պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հորինված հեռախոսազրույցի ձայնագրության առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 24-ին համացանցում տարածվել է պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հորինված հեռախոսազրույցի ձայնագրությունը: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը գնահատում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ խոսքի ազատության և տեղեկույթի տարածման իրավունքի կարևորությունը ժողովրդավարության զարգացման գործում: Միևնույն ժամանակ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը բացարձակ անթույլատրելի է համարում տարատեսակ մանիպուլյացիաների նպատակով ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումը: Նմանատիպ արարքները վնաս են հասցնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am