Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը

Armenpress 12:50, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մայիսի 25-ին նիստ է գումարվել, որի օրակարգում Երևանի քաղաքապետի մայիսի 24-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ավագանու անդամի մանդատը տրամադրվում է «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ստացել էր ԱԺ պատգամավորական մանդատ՝ խորհրդարանում փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին ընտրվել էր ՀՀ վարչապետ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին: Նա յոթ օր ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու համար: Եթե հետ չվերցնի, ավտոմատ կերպով կզրկվի նաև պատգամավորական լիազորություններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am