Քննչական կոմիտեն պարզում է Ուլնեցու փողոցում բռնություններից տուժած վարորդների ինքնությունը

Armenpress 19:59, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել Կարապետ Ուլնեցու փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնություններից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին Կ.Ուլնեցու փողոցում բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություն դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների ինքնությունը:

Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

Քննությանը տվյալներ էին ներկայացվել վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնության վերաբերյալ, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Մայիսի 22-ին Քննչական կոմիտեի կողմից տարածված տեսանյութից հետո վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել նաև դեպքի օրը տուժած «Նիսսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններից տուժած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Խնդրում ենք վարորդին ներկայանալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am