#CultTalk. Էդվարդ Միլիտոնյանը՝ գրական գործընթացների, գրողների միության առաջիկա ծրագրերի ու երիտասարդ տաղանդների մասին  

Armenpress 10:24, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը փաստում է՝ ժամանակակից գրականությունն իր ծաղկման փուլում է: Ավելին՝ այսօրվա գրականությունն իր համար ավելի հետաքրքիր է, քան երեք տասնամյակ առաջ ստեղծված գրական արժեքները: «Արմենպրես» լրատվական գործակալության #CultTalk մշակութային նախագծի հյուր Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում պատմում է գրողների միության գործունեության, գրական ակտիվ գործընթացների, տարբեր երկրների հետ համատեղ ծրագրերի, հայ թարգմանական դպրոցի յուրահատուկ զարգացման և այլ ծրագրերի մասին:

Նարեկացու «Մատյան ողբերգությանը»՝ գերմաներեն թարգմանությամբ

Մայիսի 15-ին մի մեծ ծրագրի մեկնարկ ազդարարեցինք: Վիլհելմ Բարչը, ով արդեն 7 տարի կապված է մեր ժամանակակից և դասական գրականությանը, եկավ Հայաստան: Մենք համագործակցում ենք երկար տարիներ, և նա գաղափար էր հղացել թարգմանել Նարեկացու «Մատյան ողբերգությունը», ինչը  խիզախ գաղափար է: Բարչն անցյալ տարի էր այս գործը թարգմանելու ցանկություն հայտնել: Երբ ինձ տեղեկացրին այդ մասին, ասացի, որ ամեն ինչ կանենք, որ գա և ծանոթանա «Մատյանի»՝ տարբեր լեզուներով հրատարակություններին: Բարչի տիկինը ձևավորող նկարիչ է, ուզում է հայկական խաչքարերով ձևավորում անել: Բարչն արդեն սկսել է թարգմանական աշխատանքները: Սա հրաշալի ծրագիր է. պլանավորած է գիրքը տպագրել Գերմանիայում: Եթե այս տարվա վերջ չհասցնեն, ապա 2019-ի սկզբին Գերմանիայում կունենանք գերմաներեն թարգմանված «Մատյան ողբերգությունը» շքեղ ձևավորմամբ:

Ընթացիկ ծրագրեր

Մայիսի 23-25-ը մենք ծրագրել ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերին նվիրված հանդիպումներ Արմավիրում, Ապարանում և Վանաձորում: Բազմաթիվ գրողներ պիտի մասնակցեն, ընթերցեն իրենց գործերից, մեր մարզերում ապրող գրողներն էլ կմիանան մայրաքաղաքից ժամանածներին: Մայիսի 26-ին մեկնելու ենք Թբիլիսի՝ Թումանյանի տանը մասնակցելու գրական հանդիպմանը, ապա մայիսի 27-ին՝ ամենամյա Վարդատոնին, որը մշտապես կազմակերպվում է բարձր մակարդակով:

Վերադառնալուց հետո կիրականացնենք Երիտասարդ գրողների մեր ամենամյա համաժողովը, որն անցկացվում է մայիսի 31-ից հունիսի 2-ը: Այս համաժողովին սովորաբար անցկացվում են քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ և այլն: Բազմաթիվ գրողներ են մասնակցելու: Կարծում եմ, որ որոշակի մասսայականություն պետք է ապահովեն մեր առաջիկա միջոցառումները: Նաև՝ մեր միջին և ավագ սերունդների գրողներին է հետաքրքրելու:

Լավ գրողներ, լավ սերունդ

Մենք միշտ էլ ունենալու ենք լավ գրողներ: Մեր գրական բազմադարյա ավանդույթն ունենալու է իր շարունակելիությունը: Մարդիկ, ովքեր հարցնում են՝ ունենալո՞ւ ենք գրականություն, պետք է պարզապես ջանք գործադրեն ու գիրք կարդան: Ժամանակակից գրականությունն իր բնույթով, բազում թեմաների ընդգրկմամբ, լեզվական բազմաշերտությամբ ինձ ավելի հետաքրքիր է թվում, քան 30-40 տարի առաջվա գրական պրոցեսները: Այն ժամանակ, գաղտնիք չէ, կար գլավլիտ, բառեր կային, որ հնարավոր չէր հրատարակել, էլ ուր մնաց՝ թեմաներ: Հիմա հնարավորությունների ազատ դաշտը թույլ է տալիս տարբեր թեմատիկաներ ընդգրկել: Ակտիվ հաղորդակցություն կա տարբեր գրական միջավայրերի հետ. երիտասարդներն իրենց գործերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեն: Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որտեղ երիտասարդները նման հնարավորություններ ունենան:

Թարգմանական գրականություն

Վերջին 20 տարում Հայաստանում գոյացավ թարգմանական լավ դպրոց: Մենք ունենք հայերենից այլ լեզուների լավ թարգմանիչներ. դա վերջին 20 տարում մեր լավագույն ձեռքբերումներից է: Եվ դա նաև շնորհիվ գրահրատարակչական դաշտի բավարար կայացման: Գոնե 20-25 տարում այդ դաշտը որոշակիորեն կայացավ:

Համատեղ ծրագրեր այլ երկրների հետ

Մայիսին այստեղ էր լեհ բանաստեղծուհի Կալինա Զիոլան, նա ժամանակակից հեղինակների մի քանի գիրք է թարգմանել ու հրատարակել Լեհաստանում: Մենք արդեն ծրագրեցինք, որ հայ գրողները Լեհաստանի մասին, լեհ գրողները՝ Հայաստանի մասին գրեն, գրքեր հրատարակենք: Գերմանիայի հետ ունենք ծրագրեր, ինչպես Նարեկացու «Մատյան ողբերգությունը», այնպես էլ այլ ծրագրեր: Լավ համագործակցություն է առկա Իրանի հետ. «Աֆրազ» հրատարակչությունը հրատարակում է 13 հայ բանաստեղծի գիրք պարսկերեն: Մենք հրատարակում ենք նրանց թատերգությունները, նրանք՝ մերը: Բացի այդ, նրանք հիմա պատրաստում են «Հայ գրողները Իրանի մասին» ժողովածու: Ռուսաստանի հետ էլ կան որոշակի ծրագրեր, օրինակ՝ «Լիտերատուրնայա գազետան» ներկայացնում է Հայաստանի կյանքը, հայ գրողների գործեր:

Վրացի գրողների գործերն ենք թարգմանում, նրանք՝ մեր հեղինակների ստեղծագործությունները: Ուկրաինայի, Բելառուսի հետ շատ լավ կապեր ունենք: Մեր կապերը փորձում ենք ամրապնդել երկուստեք նախաձեռնություններով: Այսօրվա աշխարհը միակողմանի չէ, միայն մեզնով անվերջ չեն հետաքրքրվելու:

Տպագրության հավերժական խնդիր

Գրողների հիմնական խնդիրներից է տպագրության հարցը: Հրատարակիչն այն վիճակում չէ, որ իր վրա ռիսկ վերցնի, ծախս անի, հրատարակի գրքեր, որոնք շուկայում այնքան մեծ պահանջարկ չունեն: Պոեզիան աշխարհում պահանջարկ չունի: Իհարկե, բացառություններ կան, ինչպես մեր հարևան Իրանն է: Հայ հրատարակիչն իր սուղ միջոցներով դժվար թե իր ուսը դնի լծի տակ և փորձի հրատարակել հայ գրողներին: Որևէ մեկն ինքն իրեն վնաս տալու հակում չունի: Այս իմաստով պիտի Մշակույթի նախարարությունը ոչ թե ամբողջովին իր ուսերին վերցնի հայ գրողներին հրատարակելու խնդիրը, այլ գոնե մասնակի աջակցություն ցույց տա:

Հ. Գ.

«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի՝ մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am