Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը դարձել Է 2018 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են կազմկոմիտեում՝ Լոնդոնի Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանում կայացած արարողությանը հաղթողների հայտարարումից հետո:

«Օլգա Տոկարչուկի Flights «Թռիչքներ» վեպը, որը թարգմանել Է Ջենիֆեր Քրոֆթը եւ լույս Է ընծայել Fitzcarraldo Editions հրատարակչությունը, մայիսի 22-ին հայտարարվել Է 2018 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի հաղթող: 50 հազար ֆունտ ստեռլինգ (67 հազար դոլար) մրցանակը, որն ըստ արժանվույն գնահատում Է գեղարվեստական գրականության թարգմանված ստեղծագործություններից լավագույնները, երկու հավասար մասի կբաժանվի հեղինակի եւ թարգմանչի միջեւ»,- ասված Է մրցանակի կազմկոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ: Financial Times թերթն ավելի վաղ «Թռիչքներ» վեպը համարել Է «փիլիսոփայական հեքիաթ մեր խելահեղ ժամանակներում»:

Կազմակերպիչների խոսքով՝ «Միջազգային Բուքերյան մրցանակի առաջին լեհ դափնեկիր Տոկարչուկը» նվաճել Է բազմաթիվ գրական պարգեւներ եւ Լեհաստանում գրքերի վաճառքների առաջատարներից մեկն Է, իսկ այժմ նրա ստեղծագործություններն սկսում են ճանաչում ձեռք բերել նաեւ անգլալեզու աշխարհում: Նրա առաջին գիրքը եղել Է 1989 թվականին հրատարակված բանաստեղծությունների ժողովածուն: Այդ ժամանակվանից Տոկարչուկը լույս Է ընծայել եւս ութ վեպ եւ համառոտ պատմվածքների երկու ժողովածու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am