Ռումինիայում Հայաստանի դեսպանն այցելել է Ռոման քաղաք

Armenpress 15:04, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մայիսի 19-ից 20-ը այցելեց Ռոման քաղաք: Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ ունեցավ Ռոմանի քաղաքապետ Լուչիան Օվիդիու Միկուիև Ռումինիայի մշակույթի և ազգային ինքնության նախարարության պետքարտուղար Գեորգե Պոպայի հետ:

Քննարկվեցին Ռումինիայի Ռոման և Հայաստանի Դիլիջան քույր-քաղաքների համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Ռոմանի հայ եկեղեցական և ճարտարապետական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Մինասյանը Ռոմանում նաև մասնակցեց ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնին, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը, Ռումինիայի գրողների միությունը և Ռոմանի քաղաքապետարանը: Փառատոնին մասնակցում էին Ռումինիայի հայտնի, այդ թվում, ռումինահայ գրողներ, գրականագետներ, արվեստաբաններ, ասմունքողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռումինիայում Հայաստանի դեսպանը նաև հանդիպումներ ունեցավ ռումինահայ համայքնի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հարցազրույց տվեց ռումինական TVR հեռուստաալիքին՝ հատուկ անդրադարձ կատարելով ռումինահայ համայնքի կարևոր դերակատարությանը Ռումինիայի հասարակական, քաղաքական, տնտեսական և հատկապես մշակութային կյանքում:

Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ուր հայերը բնակվել են դեռևս միջնադարից: Քաղաքում է գտնվում ճարտարապետական գեղեցիկ հորինվածքով 1609թ. կառուցված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին, հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի փոքրաթիվ հայ համայնք՝ հիմնականում մտավորականներ:

Ռոմանի և Դիլիջանի միջև պաշտոնական կապերը հաստատվել են 2012թ. մայիսի 17-ին` համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: 2015թ-ից Ռոմանում գործում է Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը, որը ջանքեր է գործադրում հայապահպանության, Ռոմանի և Դիլիջանի միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am