Ուսուցիչներն ազատ են ունենալու ցանկացած քաղաքական հայացք, սակայն դպրոցից դուրս. ԿԳ նախարար

Armenpress 14:22, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչները կարող են ունենալ ցանկացած քաղաքական հայացք, սակայն դա չպետք է արտահայտվի դպրոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում այն տնօրեններին, ովքեր իրենց դպրոցները զերծ են պահել քաղաքականությունից: Սակայն… շատերն այդպես չեն վարվել»,-ասաց նախարարն ու կոչ արեց տնօրեններին դպրոցներում քաղաքական քարոզ չանել: 

Նրա խոսքով՝ ուսուցիչներն իրենց քաղաքական հայացքների համար չեն ճնշվի: Դպրոցից դուրս ազատ են ունենալու ցանկացած քաղաքական հայացք, սակայն դա չպետք է արտահայտվի դպրոցում: Որևէ մեկին առավելություն չի տրվելու: 

Նախարարը նշեց՝ տեղյակ են նաև շատ ուսուցիչների և տնօրենների սոցիալական խնդիրների մասին: Եվ դրանց լուծման ուղղությամբ իրենք արդեն քայլեր ձեռնարկում են, շուտով լուծումներ կտրվեն: Սակայն սոցիալական վիճակը երբեք չպետք է կոռուպցիոն ռիսկերի պատճառ դառնա:  Անդրադառնալով «Վերջին զանգի» համար դրամահավաքներին՝ նախարարն ասաց, որ չի հանդուրժելու դրանք: «Որոշ տնօրեններ շահարկում են իմ այդ խոսքը և արգելում են «Վերջին զանգի» միջոցառումներն առհասարակ անցկացնել: Դա ճիշտ չէ: 5000-10000 դրամը լրիվ  բավարար է դահլիճը զարդարելու և լավ ժամանց անցկացնելու համար: Շռայլություններ պետք չեն: Այս տարի այս արատավոր երևույթի մի մասը կանխվել է»,-եզրափակեց Արայիկ Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am