Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրեց իր առաջարկները «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությանը

Armenpress 14:16, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը», ի պատասխան շահագրգիռ կողմերի պահանջների, ներկայացրեց իր առաջին տարեկան հաշվետվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբի կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող յոթ հայ և միջազգային փորձագետներ:

Խումբն արդեն երրորդ անգամն է գտնվում Հայաստանում` կառավարության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, համայնքների ներկայացուցիչների, ՀԿ-ների, ակադեմիական շրջանակաների հետ քննարկումներ ծավալելու և համագործակցելու նպատակով:

«Մեր կողմից իրականացվող մոնիթորինգը «Լիդիան Արմենիա» ընկերության նախաձեռնությունն է: Դա արվել է, որպեսզի հենց «Լիդիան»-ը պատասխանատվություն կրի այն հանձնառությունների իրականացման համար, որոնք պետք է բխեն միջազգային լավագույն սկզբունքներից: Մենք կշարունակենք համագործակցել միմյանց հետ Ամուլսարի ծրագրի գնահատման ընթացքում, մասնավորապես` շինարարությունից դեպի արտադրություն անցման ժամանակ: Մենք այս մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք ծրագրի գնահատումը մի լույսի ներքո, որը մենք անվանում ենք «պատասխանատու հանքարդյունաբերություն»: Ծրագիրը գնահատելիս մենք մշակել ենք  19 բավականին նշանակալի առաջարկներ, որոնք, մեր կարծիքով, կարող են ամրապնդել «Լիդիան»-ի գործունեությունը»,- ասաց խմբի նախագահ դոկտոր Ջոն Հարքերը:

Նրա խոսքով՝ իրենց կողմից հիմնական առաջարկը կամ խորհուրդն է, որպեսզի «Լիդիան»-ը համագործակցի քաղհասարակության և, իհարկե ՀԿ-ների, գիտական կառույցների և հենց տեղացիների հետ: Խմբի նախագահը վստահ է, որ այդ կերպ հնարավոր կլինի ապացուցել ընկերության ազդեցության բացակայությունը ջրի, կենսաբազմազանության վրա և, իհարկե, դրական ազդեցությունը մարդկանց կենսակերպի վրա:

«Սա կոչվում է մասնակցային մոնիթորինգ, և, կարծում ենք, բոլոր մտահոգ կողմերը հավանություն կտան այս առաջարկին: Հավատացած եմ, որ այս տեսանկյունից ընկերության գործունեությունը կբարելավվի, և տրված խոստումները կգնահատվեն ավելի մեծ վստահությամբ: «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը պետք է ջանքեր գործադրի իր ղեկավար կազմում բարեփոխումներ իրականացնելու, մասնավորապես` կապալառու ընկերությունների հետ պայմանագրերի կնքման վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կապալառուները պետք է բարելավեն իրենց գործունեությունը և դրանով իսկ տեղացիներին լրացուցիչ վստահություն ներշնչեն ծրագրի ընթացքի վերաբերյալ»,- նշեց Հարքերը:

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» կրկին Հայաստան է այցելելու աշնանը` շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղանի ձևաչափով քննարկման նպատակով: Դրա ընթացքում Ամուլսարի ծրագրի թիմից ակնկալվում է պաշտոնական պատասխան ստանալ ներկայացված երաշխավորությունների և առաջարկությունների, ինչպես նաև դրանց մի մասի արդեն իրականացման առաջընթացի վերաբերյալ:

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ձևավորվել է 2017  թվականին Ամուլսարի ծրագրի սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ծրագիրը ֆինանսավորող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ծրագրի տեղական ու ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ գործելու նկատառումներով ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման մասով հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am