«Մունդիալ-2018»-ից առաջ. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ շարժիչ ուժը` Ռոնալդուն  

Armenpress 11:17, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալ-2018-ում Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կլինի համաշխարհային ֆուտբոլի, ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոնալդուն: Եթե պորտուգալացիները ցանկանում են կրկնել 1966-ի հաջողությունը, ապա այս առաջնությունը ճիշտ այդ պահն է, քանի որ «ընտրյալները» այժմ կրում են նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը և 32 թիմերի շարքում ֆավորիտներից են:

                                                          Պատմական ակնարկ…

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Պորտուգալիայի ազգային հավաքականը առաջին անգամ մասնակցել է 1966 թվականին: Անգլիայում անցկացված  մունդիալում  պորտուգալական ընտրյալների նորամուտը  հաջող էր: Հաղթելով խմբային փուլի երեք խաղերում`  «հինգ վահանները» միայն կիսաեզրափակչում զիջեցին ապագա չեմպիոն անգլիացիներին: Երրորդ տեղի համար պայքարում Էյսեբիոյի հրաշալի խաղի շնորհիվ Պորտուգալիան 2:1 հաշվով հաղթեց ԽՍՀՄ հավաքականին: Հաջորդ մունդիալը, որին մասնակցեց Պորտուգալիայի ազգային թիմը, 1986 թվականին  Մեքսիկայում անցկացված ԱԱ-ն  էր:  F խմբում եվրոպացիները հաղթեցին մեկ խաղում և, պարտվելով  երկու անգամ,  խմբում զբաղեցրին վերջին տեղը:

Չորակավորվելով նաև հաջորդ երեք մունդիալներում` պորտուգալացի ընտրյալներն առաջնություն վերադարձան 2002-ին: Կորեա-ճապոնական ԱԱ-ում նրանք չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը: Իսկ ահա 2006-ին  «հինգ վահանները» հասան մինչև կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում նրանք պարտվեցին ֆրանսիացիներին: Երրորդ տեղի համար պայքարում անկարող եղան դիմակայել գերմանական մեքենային: Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ում Պորտուգալիան դուրս եկավ խմբից, բայց  առաջ չգնաց: Բրազիլական մունդիալում Պորտուգալիայի ազգային ընտրանին G խմբում միայն մեկ հաղթանակ տոնեց, այն էլ խմբային փուլի վերջին խաղում Գանայի դեմ: Խմբում Պորտուգալիան երրորդն էր և չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

                                                         Ճանապարհ դեպի Ռուսաստան

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային ընտրանին Մունդիալ-2018-ի եվրոպական գոտու որակավորման փուլում հայտնվել էր B խմբում: 10 խաղում հավաքելով 27 միավոր՝ խմբում գրավեց առաջին տեղը: Նույնքան միավոր ուներ նաև Շվեյցարիայի ազգային ընտրանին, որը զիջեց Եվրոպայի գործող չեմպիոններին խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ: Պորտուգալացիները 32 գնդակ էին հեղինակել, որոնցից 15-ը խփել էր Կրիշտիանու Ռոնալդուն:

                                           Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմն այս տարվա առաջնությունում հայտնվել է B խմբում, որտեղ նրա հակառակորդները Իսպանիայի, Իրանի և Մարոկկոյի հավաքականներն են: Պորտուգալիան առաջին հանդիպումը կանցկանցի հունիսի 15-ին՝ մրցելով մյուս ֆավորիտի` Իսպանիայի հետ: Խաղը կկայանա Սոչիում: Հունիսի 20-ին Եվրոպայի չեմպիոնները կխաղան Մարոկկոյի, իսկ հունիսի 25-ին` Իրանի ընտրանիների հետ:

                                                                    Հավաքականը…

Եվրոպայի գործող չեմպիոնները Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով. Դարպասապահներ՝ Անտոնի Լոպեշ («Լիոն»), Բետու («Գյոզթեպե»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), պաշտպաններ՝ Բրունու Ալվեշ («Ռեյնջերս»), Սեդրիկ Սոարեշ («Սաութհեմփթոն»), Ժոզե Ֆոնտե («Դալյան Իֆան»), Մարիու Ռուի («Նապոլի»), Պեպե («Բեշիկթաշ»), Ռաֆայել Գերեյրո («Բորուսիա Դ.»), Ռիկարդու Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»), կիսապաշտպաններ՝ Ադրիեն Սիլվա («Լեսթեր»), Բրունու Ֆերնանդեշ, Ուիլյամ Կարվալյո (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ժոաո Մարիու («Վեստ Հեմ»), Ժոաու Մոուտինյո («Մոնակո»), Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ»), հարձակվողներ՝ Անդրե Սիլվա («Միլան»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ»), Գոնսալու Գուեդեշ («Վալենսիա»), Ռիկարդո Կուարեժմա («Բեշիկթաշ»):

Պորտուգալիայի ազգային թիմի «աստղը» տարիներ շարունակ մնում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն: Եվրոպայի չեմպիոնի կազմում գոլերի «առյուծի բաժինը» խփում է հենց Ռոնալդուն:

Պորտուգալիայի ազգային թիմը կարող է և կլինի այս աշխարհի առաջնության ֆավորիտների շարքում:

 Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B Խումբ

Իսպանիա



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am