Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ

Armenpress 19:35, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ տուժողի որդուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Հաղորդագրության մեջ նշված է. «2017թ. հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իր ծանոթ եղբայրները՝ ծնված 1998 և 1999թթ., տարբեր պատրվակներով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, Երևանի բնակչից խաբեությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողից գումարներ հափշտակվել են իր իսկ անչափահաս որդու մասնակցությամբ: Մասնավորապես՝ երիտասարդ եղբայրները տուժողի անչափահաս որդու՝ 2001թ. ծնված պատանու հետ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ նրա հորից խաբեությամբ գումար հափշտակելու շուրջ: Պարզվել է, որ երիտասարդները և անչափահասը, հաճախելով գիշերային ակումբներ, զվարճանքի կենտրոններ, կուտակել են պարտքեր և գոյացած պարտքերը մարելու և նույն ապրելակերպը շարունակելու նպատակով հորինել են տարբեր պատմություններ՝ անչափահասի հետ կապված, և օգտվելով ծնողի կողմից որդու նկատմամբ ցուցաբերած հոգատարությունից՝ նրանից տարբեր դեպքերով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդ եղբայրներին և անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am