Արայիկ Հարությունյանը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը

Armenpress 18:18, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ արձանագրելով` կանդրադառնանք և կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը: Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը: Սակայն շատ ցանկալի է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը լիովին անվճար լինի»,-ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով` նոր թիմն անում է  առավելագույնը, սակայն պետք չէ գերարագ փոփոխությունների սպասել:

Նախարարը նշեց նաև, որ մայիսի 23-ին մեկնելու է Փարիզ, որտեղ կայանալու է Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների նախարարական գագաթնաժողովը: Դրանում Հայաստանը շատ ակտիվ է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am