1000х90.jpg (78 KB)

Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ

Armenpress 12:50, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկ՝ 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ: Նախարարն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նախարարը:

Մանե Թանդիլյանը նշել է, որ առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում հնարավոր է կատարել այս փոփոխությունը: «Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,-ավելացրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am