Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Armenpress 17:58, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից հնչեցված բողոքին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել կոնկրետ միջազգային միջոցառումների մասնակցությունից միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,- ասել են ՌԴ արտգործնախարարությունից:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի է ունեցել աբխազական դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակում: Միջոցառմանը հրավիրված են եղել Աբխազիայի օտարերկրյա գործընկերները, այդ թվում և հյուրեր Լեռնային Ղարաբաղից:

Միջոցառմանը Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի առկայության փաստը զայրացրել էր պաշտոնական Բաքվին: Ադրբեջանից հայտնել էին, որ իրենք պատրաստ են բողոքի նոտա հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբայի և ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլինսկու հանդիպմանը Արցախի ներկայացուցիչների մասնակցության հետ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am