Վերանորոգման համար մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ

Armenpress 19:38, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով  մայիսի 19-ից ժամանակավորապես՝ 1 ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.      -հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է.

     -հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել  Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը հնարավորին արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է  համաքաղաքացիների ներողամտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am