1000х90.jpg (78 KB)

Դեսպան Սադոյանը 200 կտոր գրականություն է նվիրել Թբիլիսիի պետհամալսարանի Արևելագիտության ինստիտուտի հայագիտության բաժնին

Armenpress 18:52, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի 18-ին այցելել է Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախ շնորհավորեց այս տարի նշվող համալսարանի 100-ամյա հոբելյանը, այնուհետև զրուցակիցներն անդրադարձան Երևանի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի միջև համագործակցության ներկա մակարդակին և այն առավել զարգացնելու հեռանկարներին։

Ռեկտորը դեսպանին ներկայացրեց համալսարանի նախագծերն ու արդեն իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում վերջինս անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին և նշեց, որ այս տարի սպասվելիք ամառային դպրոցի շրջանակներում իրենք կհյուրընկալեն նաև Հայաստանից ժամանած ուսանողների։

Դեսպան Սադոյանը կարևորեց Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված բարձրագույն կրթության «1+4» ծրագիրը, որը Վրաստանում ապրող բազմաթիվ հայերի հնարավորություն է ընձեռում ավելի խորությամբ ուսումնասիրելու վրացերեն լեզուն, ինչն իր հերթին նպաստում է նրանց ինտեգրմանը կրթական գործընթացներում և առհասարակ հասարակական կյանքում։

Թբիլիսիի պետական համալսարան կատարած այցի շրջանակներում դեսպան Սադոյանն այցելեց նաև Արևելագիտության ինստիտուտի հայագիտության բաժին, հանդիպեց դասախոսական անձնակազմին և ուսանողներին, ծանոթացավ բաժնի խնդիրներին։ Հանդիպմանը դեսպան Սադոյանն առանձնահատուկ նշեց, որ պետք է լրացուցիչ խթանող ծրագրեր և միջոցներ մշակել, որպեսզի հայագիտական բաժին դիմող և հայագիտությամբ զբաղվող ուսանողների թիվն աճի։

Այցի ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայագիտության բաժնին նվիրեց մոտ 200 կտոր հայագիտական գրականություն»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am