Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Armenpress 18:47, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ազատվել է աշխատանքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արա  Իսպիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մայիսի 16-ին իրեն զանգահարել են ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը` նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը:

Տասը տարի աշխատել եմ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, վերջին մեկ տարում` որպես տնօրեն: ԳԹԿ-ի արհեստավարժ աշխատակազմի հետ պատվով եւ մեծ հաջողությամբ կատարել ենք մեր աշխատանքը, որդեգրել թիմային և թափանցիկ աշխատաձևը, որի շնորհիվ կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները:

Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ԳԹԿ-ի իմ գործընկերներին և բոլոր նրանց, ում հետ այս տարիներին աշխատանքի բերումով անձնապես շփվել ու աշխատել եմ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններով աջակցելու ԳԹԿ-ի նոր ղեկավարությանը»,- գրել է Իսպիրյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am