Թուրքագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության պաշարը կարող է օգտակար լինել արտաքին քաղաքականությունում

Armenpress 16:52, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին լեգիտիմության հսկայական պաշարի է տիրապետում, որի կապիտալիզացումը կարող է օգուտներ բերել արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին նա նշեց մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Միջազգային հարթակներում լեգիտիմության գործոնը հաշվի են առնում: Նիկոլ Փաշինյանը ներքին լեգիտիմության հսկայական պաշար ունի, ինչը ցանկացած հարաբերություններում նրան դնում է ամուր հիմքերի վրա՝ չանտեսելով, իհարկե, օբյեկտիվ գործոնները: Հմուտ արտաքին քաղաքականություն վարելու պարագայում այն կարելի է օգտագործել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փորձագետը:

Չնայած Թուրքիայում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական բնույթի անդրադարձներին, այդուհանդերձ, Անուշ Հովհաննիսյանի խոսքով, հայաստանյան թեման թուրքական քաղաքական դաշտում և հասարակական քննարկումներում բոլորովին էլ առաջնային չէ։ Թուրքագետի դիտարկմամբ՝ Թուրքիայում հիմա զբաղված են ավելի շատ ներքին և տարածաշրջանային այլ խնդիրներով, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններով, թուրք-իսրայելական, ինչպես նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրմամբ։ «Թուրքական մամուլը հիմա զբաղված է այլ բաներով, քանի որ կարևորագույն գործընթացներ են հիմա տեղի ունենում Թուրքիայում, և այս նախընտրական փուլը փաստորեն նորություններ է բերում այդ երկրի համար, Հայաստանի ներքին զարգացումները բոլորովին էլ առաջնային չեն»,-հավելեց Անուշ Հովհաննիսյանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am