1000х90.jpg (78 KB)

Հաստատվել է Արմավիրում գրանցված թունավորման սննդային ծագումը. հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ

Armenpress 16:41, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց    վիճակը թեթև և միջին ծանրության է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել:

Արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՍԱՊԾ-ն կասեցրել է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք մատակարարած Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am