Լեհաստանում ՀՀ դեսպանը Վարշավայի քաղաքապետին է փոխանցել Երևան այցելելու Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը

Armenpress 15:47, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մայիսի 17-ին հանդիպեց Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում ՀՀ դեսպանությունը Վարշավայի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդանշական 650 ծառի տնկում՝ ի նշանավորումն Լեհաստանի հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Լեհաստանի պատմության ողջ ընթացքում հայերի ունեցած կարևոր և նշանակալի դերակատարությանը։

Դեսպան Ղազարյանը Վարշավայի քաղաքապետին ներկայացրեց Հայաստանում 2018 թվականին կայանալիք հոբելյանական կարևոր միջոցառումների և իրադարձությունների` այդ թվում Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի մասին՝ վերջինիս փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am